ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանել է կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ օրենսդրական փաթեթը, որը երեկ ընդունվեց խորհրդարանի մեծամասնության կողմից:
«Սկզբունքը մնում է նույնը` Հայաստանում ներդնել պարտադիր մասնավոր կուտակային հիմնադրամի ինստիտուտը, որը սկզբունքորեն մեզ համար ընդունելի չէ: Մենք առաջարկում ենք պայմանական կուտակային համակարգ, որը բավական մոտ է այն համակարգին, որը գործում է ԱՄՆ-ում եւ Գերմանիայում: Այս համակարգը, որ առաջարկում է կառավարությունը, իրականում զրոյացնում է պետության պատասխանատվությունը քաղաքացու նկատմամբ եւ համապատասխանում է վարչապետի «պետության վախճանը» փիլիսոփայությանը, որտեղ պետությունը նվազ պարտավորություններ պետք է ստանձնի, պետությունը որեւէ գործառույթ չպետք է իրականացնի, պետությունը վատ կառավարիչ է եւ այլն: Մենք համարում ենք որ նման հարցադրումները պետական շինարարությանը ոչ մի կերպ չեն նպաստում»,- ասել է Ա. Նռանյանը:




























