Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի շփման գծում վերջերս տեղի ունեցած միջադեպը արհեստական սադրանք է, որ նպատակ ունի հրահրել Հայաստանի ագրեսիան։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ռազմավարական մշակույթի հիմնադրամի վերլուծական կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշեւը։ Նրա խոսքով, սրանով Ադրբեջանը ցանկանում է հիմնավորել իր կողմից պատերազմական գործողությունների հնարավոր սկիզբը։
Պատասխանելով այն հարցին, թե չի՞ եղել արդյոք Ռուսաստանի լուռ համաձայնությունը ռազմական դիվերսիային, փորձագետը համոզմունք հայտնեց, որ Ռուսաստանի շահերից չի բխում ապակայունացնել առանց այն էլ լարված իրավիճակը։ «Ռուսաստանն ավանդաբար սատարում է Հայաստանին եւ ոչ մի պատճառ չունի նպաստել Ադրբեջանի ռազմական ագրեսիային»,- վստահ է քաղաքագետը։
Խոսելով Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանիի այն հայտարարությունների մասին, ըստ որոնց՝ միջադեպին մասնակցել է երրորդ՝ ոչ տարածաշրջանային ուժ, եւ որ Իրանը թույլ չի տա ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի մուտքը տարածաշրջան, Արեշեւն ընդգծել է, որ Իրանը տարածաշրջանային լուրջ խաղացող է եւ իրավիճակի փոփոխություն չի ցանկանում։ «Ես կարծում եմ՝ խոսքը Ռուսաստանի մասին չէ։ Վերջին ժամանակներս Ռուսաստանի եւ Իրանի միջեւ հարաբերություննեը մի փոքր սառել են, բայց ոչ ավելին։ Իրանն իր շահերն ունի, նրան դուր չի գալիս ԱՄՆ-ի ակտիվացումը։ Ղարաբաղում կատարվածը լուրջ նախազգուշացում է Արեւմուտքին»։




























