ՀԺԿ նախկին անդամ, Բելգիայում քաղաքական ապաստան ստացած Գրիշա Վիրաբյանը հասարակական կառույց է հիմնել, որը կրում է «Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանից եւ նրա ընտանեկան կլանից տուժածների կոմիտե» անունը։ Կոմիտեն շուրջ մեկ տարի է, ինչ գործում է։ NEWS.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում Վիրաբյանն ասաց, որ Կոմիտեն այս ընթացքում բազմաթիվ բողոքներ է ստացել, որոնց մեծ մասն ուղարկվում են [email protected] էլեկտրոնային փոստով։ «Մեզ դիմում են ոչ միայն շարքային քաղաքացիները, որոնք տարբեր ժամանակներում տուժել են Աբրահամյան ընտանիքի գործունեությունից, այլ նաեւ միջին եւ բարձր օղակի պետական որոշ պաշտոնյաներ»:
Այդ պաշտոնյաների անունները թեեւ Կոմիտեի ղեկավարը չասաց, սակայն նշեց. «Հատկապես շատ են այն մարդիկ, ովքեր տուժել են Աբրահամյանի գինեգործական կարիերայից (Հ. Աբրահամյանը 1990-1991թթ. եղել է Բուրաստանի կոնյակի գործարանի բաժնի պետ, իսկ 1991-1995թթ.՝ Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրեն): Բողոքներ կան նաեւ նրա ընտանիքի անդամների գործունեության վերաբերյալ, որոնք աշխատում են պետական տարբեր պաշտոններում»: Վիրաբյանն ասաց, որ Կոմիտեն համագործակցում է Հայաստանում գործող համակիրների հետ՝ միաժամանակ հավելելով, որ նկատի ունենալով Հովիկ Աբրահամյանի կարգավիճակը՝ դժվար է նրա դեմ պայքարելը, քանի որ նա ունի բոլոր լծակները՝ազդելու իրավապահ, դատական համակարգի վրա։ Հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում Կոմիտեն աջակցել Հայաստանի քաղաքացիներին` վերականգնելու իրենց իրավունքները, նախկին ՀԺԿ-ականը պատասխանեց. «Ես Բելգիայում հավերժ չեմ մնալու։
Հայաստանում տեղի ունենալիք իշխանափոխությունից հետո վերադառնալու եմ եւ մեր հավաքած բոլոր փաստերը տրամադրելու եմ նոր իշխանությանը։ Այսօր անիմաստ է ապավինել Հայաստանում գործող արդարադատությանը։ Մենք մեր կուտակած փաստերի մասին զուգահեռ փորձում ենք տեղյակ պահել նաեւ համապատասխան միջազգային կառույցներին։ Բացի այդ էլ, տուժածներն իրենք էլ կարող են զբաղվել իրենց իրավունքների վերականգնմամբ, իսկ այդ հարցում մեր Կոմիտեն կարող է աջակցել՝ լրատվամիջոցների միջոցով ջրի երես հանելով բոլոր փաստերը։ Մենք կարող ենք բացահայտել, սակայն դրանց ընթացք տալ չենք կարող, քանի որ դատարանի, քննչական կամ այլ վարչական մարմնի լիազորություն չունենք»:
Ի դեպ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում է «Գրիշա Վիրաբյանն` ընդդեմ Հայաստանի Հանրապետության» հայցը։ Վիրաբյանն ասաց, որ հայցը բավարարվելուց հետո մտադիր է վերադառնալ Հայաստան եւ համալրել ընդդիմության շարքերը:
Նշենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ իր տարեվերջյան ասուլիսում պատասխանելով հարցրին, թե տեղյա՞կ է, որ Գրիշա Վիրաբյանը կոմիտե է հիմնել, դեմքի անհոգ արտահայտությամբ ասաց, որ չգիտի, թե ով է Վիրաբյանը եւ անգամ դեմքով չի ճանաչում նրան։ Հովիկ Աբրահամյանն այնուհետ հավելեց, որ նորմալ է վերաբերվում կոմիտեի փաստին` հավելելով. «Ի՞նչ է եղել, թող հիմնի»:




























