«AM» իրավաբանական ընկերության նախաձեռնությամբ անցկացված «Ինչպե՞ս բարեփոխել Սահմանադրությունը» Համապետական ուսանողական մրցույթի շրջանակներում՝ հինգ ուսանողներ այսօր ստացան պատվոգրեր եւ մրցանակներ (ֆոտոռեպորտաժ)։
«Մեր ընկերությունը մշտապես առաջնորդվել է հանրային կարեւոր իրադարձություններին բարձր մասնակցություն ապահովելու սկզբունքով: Այդ տեսանկյունից կարեւոր է իրավական համայնքի ներգրավածությունն այնպիսի կարեւոր գործընթացին, ինչպիսին սահմանադրական փոփոխությունների քննարկումն է: Անկախ քաղաքական դիրքորոշումից, պետք է իրավական ոլորտի մասնագետները խնդիրները ձեւակերպեն ու ներկայացնեն հանրությանը: Այդ նպատակով կարեւոր ենք համարում լսելի դարձնել ուսանողների ձայնը»,- մրցույթի ամփոփման ժամանակ ասաց «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետեր Գրիգոր Մինասյանը:
Նրա խոսքով՝ նման մրցույթ հայտարարելու նպատակն էր հասկանալ, թե ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը, որ երկրի կյանքը լինի բարեկեցիկ, օրենքերը պաշտպանված, երկրի կառավարումը, քաղաքական գործընթացները դառնան ավելի արդյունավետ. «Մրցույթի նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է եղել, մասնակցել են գրեթե բոլոր համալսարանների մի քանի տասնյակ ուսանողներ։ Ուսանողները ներկայացրել են բավականին հետաքրքիր առաջարկներ: Այդպիսով` նրանք իրենց լուման կունենան մեր պետականության զարգացման գործում»,- ասաց Գրիգոր Մինասյանը։
Նա նաեւ տեղեկացրեց, որ մրցույթով նախատեսված է եղել երեք մրցանակ, սակայն աշխատանքները հետաքրքիր են եղել, եւ այդ պատճառով հինգ մրցանակ են սահմանել: Հաղթողներն արժանացան համակարգիչների եւ այլ նվերների։ Նրանց նաեւ հնարավորություն ընձեռվեց երեք ամիս աշխատել առաջատար իրավաբանական ընկերությունում:
Մրցույցի ամփոփմանը ներկա արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն իր ելույթում նշեց, որ իր համար սահմանադրական բարեփոխումներն ունեն զգացմունքային նշանակություն, որովհետեւ ինքը եղել է դեռեւս առաջին Սահմանադրության մշակման աշխատանքների մասնակից՝ որպես երիտասարդ փորձագետ եւ մասնակցել հետագա բարեփոխումներին։ «Այդ պատճառով այս գործընթացն ինձ համար շատ կարեւոր է, քանի որ Սահմանադրության ծնունդին մասնակից եղած մարդկանցից մեկն եմ։ Հիմա քաղաքական դաշտում քննարկումներ են սահմանադրական փոփոխությունների ժամանակին լինելու կամ չլինելու վերաբերյալ։ Սահմանադրությունը, լինելով մեր երկրի եւ մեր հասարակության հիմնական ինստիտուտները եւ սկզբունքները կարգավորող փաստաթուղթ, այն պետք է լինի կենդանի եւ մշտապես զարգացող օրգանիզմ։ Ինչպես բոլոր օրենքները, այնսպես էլ մայր օրենքը կարող են զարգանալ հասարակության զարգացմանը զուգընթաց։ Եթե մենք այսօր ունենք հնարավորություն սահմանադրական բարեփոխումների արդյուքնում առաջ մղել հասարակության զարգացումը, այսինքն ոչ թե սպասել հասարակական զարգացման արդյուքնում անհրաժեշտություն առաջանա օրենքները եւ հիմնական օրենքը փոխելու, այլ պետք է այդ ինստիտուտները բարեփոխել, որ հասարակության կյանքը բարելավվի եւ զարգանա։ Կարծում եմ, որ այդ հնարավորությունից մենք իրավունք չունենք չօգտվենք»,- նշեց նախարարը։
Արդարադատության նախարարը նաեւ կարեւորեց սահմանադրական բարեփոխումների քննարկումներում մասնավոր հատվածի ներգրավվածությունը՝ նշելով, որ «AM» իրավաբանական ընկերությունը հարկ է համարել կազմակերպել այդ մրցույթը ուսանողության շրջանակներում. «Դա վկայում է այն մասին, որ հանրային ներգրավվածությունը գործընթացում կա եւ տալու է շատ ավելի բարձր որակ։ Քաղաքացիական հասարակության ակտիվությունը մեր երկրի համար էական է, եւ մենք շարունակելու ենք »։
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանի խոսքով, մրցույթի ընթացքում ուսանողներն իրենց տեսակետներն են հայտնել Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, եւ դրանք հանգամանալիորեն կուսումնասիրվեն։ «Ողջունելի է այն իմաստով, որ աստիճանաբար իրավաբան մասնագետների ներգրավվածությունը իրավական փաստաթղթերի մշակմանը մեծանում է, որը շատ ավելի արդյունավետ է դարձնում գործընթացները։ Ուսանողների առաջարկների մի հատվածը ոչ միայն անմիջականորեն հայեցակարգին, այլեւ՝ Սահմանադրության նախագծին։ Եթե առաջարկությունները համարվեն ընդունելի որոշ վերապահումներով մենք այդ մասին տեղյալ կպաեհենք եւ կքննարկենք դրանք»։
Նշենք, որ մեկ ամիս առաջ «AM» իրավաբանական ընկերությունը հայտարարել էր մրցույթ՝ երիտասարդ իրավագետներին մրցութային կարգով ներկայացնելու սեփական դիտարկումներն ու առաջարկները Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ:




























