Ադրբեջանցիները փորձում են ղարաբաղյան հակամարտությանն արհեստականորեն կրոնական բնույթ հաղորդել՝ ներգրավելով մահմեդական երկրներին, եւ դա շատ վտանգավոր է: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ իր ավստրիացի գործընկեր Միխայել Շպինդելեգգերի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Միջազգային հանրությունը պետք է ավելի կոնկրետ անվանի իր հայտարարությունների հասցեատերերին, քանի որ հակառակ դեպքում նրանք, ովքեր խախտում են հրադադարի ռեժիմը, հանդես են գալիս ռազմատենչ հայտարարություններով, հրաժարվում են շփման գծից հանել դիպուկահարներին, կարող են միջազգային հանրության զուսպ արձագանքը գնահատել որպես իրենց գործողությունների խրախուսում»,- ասել է նախարարը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, թե առանց այդ էլ պարզ են, թե ում են ուղղված միջազգային հանրության հայտարարությունները:

«Դրանք ուղղված են Ադրբեջանին եւ Բաքվին ցույց տրված դեղին քարտեր են: Քանի որ հայկական կողմը չի խախտել հրադադարի ռեժիմը, նա չէ, որ հրաժարվել է դիպուկահարներին հետ քաշել  շփման գծից, եւ նա չէ, որ հանդես է եկել ռազմատենչ հայտարարություններով»,- ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը:

Նշենք, որ հունիսի 18-ին ԼՂՀ տարածք էր ներխուժել ադրբեջանական դիվերսիոն մի խումբ: Մերձամարտի արդյունքում զոհվել էին 4 հայ զինծառայողներ, եւս նույնքան էլ վիրավորվել էին: Ադրբեջանցիները նահանջել էին՝ մարտի դաշտում թողնելով 1 դիվերսանտի դիակ: