Եթե Թուրքիան համաձայնի առանց նախապայմանների վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, ապա երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի։ Այս մասին հունիսի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Սակայն, ինչպես նա ընդգծեց, Թուրքիան այսօր վերադարձել է նախապայմանների լեզվին։ «Ինչ-ինչ պատճառներով Անկարան հարգանք չի ցուցաբերում Ցյուրիխում ձեռք բերված պայմանավորվածությունների հանդեպ։ Թուրքիան անընդհատ պնդում է, որ նախապայմաններ առաջ չի քաշում, եւ անընդհատ անում է հակառակը»,- նկատեց նախարարը՝ ավելացնելով, որ այսպիսին է ոչ միայն Երեւանի, այլ նաեւ ողջ միջազգային հանրության դիրքորոշումը։
Նշենք, որ Երեւանը հայ-թուրքական գործընթացը ընթացիկ տարվա ապրիլին սառեցրեց այն բանից հետո, երբ Թուրքիան ինչ-ինչ պատճառներով սկսեց խափանել փաստաթղթերի ընդունումն իր խորհրդարանում։


























