Օտարալեզու մի քանի դպրոցների բացումը չի կարող վտանգել Հայաստանի ազգային անվտանգությունը: Այդ մասին հունիսի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
«Օրինաց երկիր» կուսակցությունն ի սկզբանե կողմ է եղել օտարալեզու դպրոցների բացմանը: Դեռեւս 2005թ. ՕԵԿ-ը հանդես էր եկել նմանատիպ օրենսդրական նախաձեռնությամբ, որ հենց առաջին դասարանից պետք է բարձրացվի օտար լեզվի կրթության որակը»,- նշել է Բաղդասարյանը եւ հավելել. «Չենք ընդունում այն պարզունակ պնդումները, թե դրանք լինելու են մայրենիի հաշվին»:
Ըստ Բաղդասարյանի, այս հարցում շատ են արհեստական շահարկումները: «ՕԵԿ-ը գտնում է, որ 1500 դպրոցների կողքին երկու մասնավոր դպրոցների գոյությունը չի վտանգում ազգային անվտանգությունը»,- ասաց Բաղդասարյանը:
Ինչ վերաբերում է 9 միջպետական դպրոցներին, դեռ պետք է 9 կառավարություն գտնել, որոնք կուզենան Հայաստանում դպրոց ունենալ: «Էնպես չի, որ իտալացին «յալվար» է, որ գա էստեղ դպրոց բացի: Մենք ուղղակի հնարավորություն ենք տալիս: Հնարավորություն տալը չի նշանակում դեմ գնալ Հայաստանի ազգային շահերին»,- ամփոփել է ՕԵԿ նախագահը:
Նշենք, որ խորհրդարանը երեկ 71 կողմ ձայներով ընդունել է օտարալեզու դպրոցներ բացելու օրինագծերը:




























