Ավստրիան շահագրգռված է Nabucco նախագծի իրականացմամբ. այդ է պատճառը, որ Հարավային Կովկասում առաջինը դիվանագիտական ներկայացուցչություն բացեց նախագծի ամենաակտիվ մասնակից Ադրբեջանում։ Այս մասին հունիսի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ավստրիայի արտգործնախարար Միխայել Շպինդելեգգերը։

Նրա խոսքով, Ավստրիան, իհարկե, կցանկանար դիվանագիտական ներկայացուցչություններ ունենալ Հարավային Կովկասի երեք երկրներում էլ, սակայն տնտեսական ճգնաժամը դա անհնար է դարձնում։ Նախարարը նաեւ ընդգծեց, որ Ավստրիան շահագրգռված է Սեւծովյան շրջանում իր տնտեսական եւ քաղաքական դերի բարձրացմամբ՝մանավանդ, որ ընթացիկ տարվա հուլիսից կսկսվեն Հարավային Կովկասի երկրների՝ ԵՄ ասոցիացման բանակցությունները։ Նա նշեց, որ ավստրիական պատվիրակության կազմում Հայաստան են այցելել 40 ձեռնարկատերեր, ովքեր ներկայումս բանակցություններ են վարում իրենց հայ գործընկերների հետ։ «Հուսով եմ, որ մեզ կհաջողվի առաջընթաց եւ ակտիվացում արձանագրել երկկողմ քաղաքական-տնտեսական համագործակցության ակտիվացման ուղղությամբ, ինչպես նաեւ միջազգային կառույցներում»,- նշեց Շպինդելեգգերը՝ ավելացնելով, ու զբոսաշրջության տեսանկյունից Ավստրիայի համար հետաքրքրություն է ներկայացնում նաեւ Հայաստանը։ Նախարարը նշեց նաեւ, որ իր՝ Երեւանում գտնվելու ընթացքում օդային հաղորդակցության նոր պայմանագիր կստորագրվի։

Հայաստանի ԱԳ նախարարն իր հերթին ավելացրեց, որ չնայած ղարաբաղյան հակամարտության առկայությանը եւ շրջափական փաստին՝ հանրապետությունը դինամիկ կերպով զարգանում է։