Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հունիսի 25-ին ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնտեսական քաղաքականության տարածաշրջանային դեպարտամենտի տնօրեն Լուկա Բարբոնեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը։
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից, պատվիրակությունը Հայաստան է ժամանել` մասնակցելու ՀԲ-ի կազմակերպած միգրացիայի եւ դրամական փոխանցումների խնդիրների թեմաներով համաժողովին։
Ողջունելով հյուրերին` վարչապետը բարձր է գնահատել ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսի եռամյա գործունեությունը եւ շնորհակալություն հայտնել նրան համատեղ, արդյունավետ աշխատանքի համար։
Հանդիպման ընթացքում Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ՀՀ տնտեսության ներկա վիճակը եւ ճգնաժամի հետեւանքով առաջացած հիմնական մարտահրավերները` մասնավորապես ընդգծելով տնտեսության դիվերսիֆիկացման, բարենպաստ ներդրումային միջավայրի ձեւավորման եւ հավասար մրցակցային պայմանների ապահովման անհրաժեշտությունը եւ այդ ուղղություներով ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները։
Կողմերն առաջնահերթ կարեւորել են պետական կառավարման համակարգի արդիականացումը, մասնավորապես՝ հարկային եւ մաքսային բարեփոխումների իրականացումը։ ՀԲ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնտեսական քաղաքականության տարածաշրջանային դեպարտամենտի տնօրեն Լուկա Բարբոնեն վերահաստատել է բարեփոխումների իրականացմանն օժանդակելու Համաշխարհային բանկի պատրաստակամությունը։




























