«Իմ պաշտոնավարման հարյուր օրերի ընթացքում դեռ շատ քիչ բան ենք արել, սակայն կա թիմ, որի հետ գնում ենք առաջ՝ նպատակ ունենալով դառնալ ամենուժեղ եւ կազմակերպված նախարարությունը»,- իր պաշտոնավարման հարյուր օրվա առիթով  հունիսի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։ 

Նրա խոսքով, նախկինում կատարված բոլոր աշխատանքների համար ինքը շնորհակալ է արտակարգ իրավիճակների նախկին նախարար Մհեր Շահգելդյանից, սակայն ոլորտում առկա խնդիրները լուծելու համար ինքն այսուհետ նոր գործելաոճ եւ մարտավարություն է որդեգրելու։

«Ինձանից առաջ էլ  բավական լուրջ աշխատանքներ են տարվել, սակայն ես իմ ոճն ունեմ, մասնավորապես՝ նախարարության բոլոր ստորաբաժանումները հավաքել մեկ հզոր կառույցի մեջ»,- նշեց Երիցյանը՝ ավելացնելով, որ այդ նպատակով Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում նախարարության նոր շենք է կառուցվում։ «Այն շահագործման կհանձնվի սեպտեմբերի 4-ին»,- տեղեկացրեց նախարարը։

Անդրադառնալով պաշտոնավարման հարյուր օրերի ընթացքում կատարած աշխատանքներին՝ ԱԻ նախարար Երիցյանն առանձնացրեց հատկապես սողանքային գոտիների վերահսկման, հրշեջ ծառայության որակի բարելավման եւ մի շարք այլ խնդիրներին տրված լուծումները։ «Որպես ամենամեծ ձեռքբերում ՝կարող եմ առանձնացնել այն հանգամանքը, որ մեր նախարարության նախաձեռնությամբ մոտակա 10-15 օրերին Ճապոնիայից Հայաստան կներկրվեն ընդհանուր առմամբ 8 մլն դոլար արժողությամբ 28 հրշեջ մեքենաներ, ինչից հետո մեր տեսուչները կլինեն բոլոր հասարակական վայրերում, որպեսզի ազգաբնակչությանն իրազեկեն աղետներից խուսափելու կանոնների մասին։ Ընդ որում, այն օբյեկտները, որոնք կխոչընդոտեն մեր տեսուչների աշխատանքներին, կփակվեն»,- հավաստիացրեց Արմեն Երիցյանը։

Անդրադառնալով լրագրողներից մեկի այն մտահոգությանը, որ Սեւանում իրականացվող փրկարարական ծառայությունները, մեղմ ասած, այնքան էլ որակյալ չեն եւ հաճախ մարդկային կյանքեր են արժենում, նախարարը նկատեց, որ ինքը երեկ եղել է Սեւանում եւ հանձնարարել, որ փրկարար ծառայություններ մատուցող հին նավակները վերանորոգվեն։ «Բացի այդ, մենք ունենք մեկ լրիվ նոր նավակ, ինչպես նաեւ լավ ջրասուզակներ, որոնք շատ լավ են տիրապետում իրենց գործին։ Ինչ վերաբերում է սողանքային գոտիներին, ապա դրանք կազմում են մեր հանրապետության տարածքի ավելի քան 15-50 տոկոսը, ինչը բավական մեծ ցուցանիշ է։ Այս ուղղությամբ եւս աշխատանքն են տարվում»,- հավաստիացրեց նա։

Ամփոփելով՝ նախարարը նշեց, որ նոր շենք տեղափոխվելուց հետո իրենց նախարարությունը փորձելու է առավել արդյունավետ աշխատել եւ դառնալ ամենակազմակերպված նախարարություններից մեկը։