Հունիսի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ավստրիայի եվրոպական ու միջազգային հարցերի դաշնային նախարար Միխայել Շպինդելեգերի (Michael Spindelegger) հետ:
«Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ավստրիայի հետ բազմաբովանդական փոխհարաբերությունների զարգացմանը, եւ Ձեր գլխավորած ներկայացուցչական պատվիրակության այցելությունը դրա համար լավ նախադրյալներ է ստեղծում», - ասել է Է. Նալբանդյանը:
Առեւտրատնտեսական հարաբերությունների քննարկման ենթատեսքտում երկուստեք բարձր է գնահատվել Երեւանում հայ-ավստրիական գործարար համաժողովի անցկացումը, որը նոր կապեր հաստատելու եւ առկա համագործակցությունը ամրապնդելու եւ ընդլայնելու լայն հնարավորություններ է ընձեռում:
Խոսելով մշակութային ոլորտում համագործակցության մասին` կողմերը նշել են, որ այս տարի Հայաստանի մշակույթի եւ կրթության ու գիտության նախարարությունների եւ Ավստրիայի մշակույթի նախարարության միջեւ ստորագրված հուշագիրը լավ նախադրյալներ է ստեղծում այդ ոլորտում խորացված համագործակցության համար:
Հյուրի խնդրանքով Է. Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները, անդրադարձել բանակցային գործընթացի վրա ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական վերջին սադրանքի հնարավոր հետեւանքներին: Երկուստեք նշվել է, որ հիմնախնդիրների խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի:
Հանդիպմանը հաջորդել է Էդվարդ Նալբանդյանի ու Միխայել Շպինդելեգերի համատեղ մամուլի ասուլիսը: Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցելել է նաեւ Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ է դրել Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին:




























