Իրանն ու Ռուսաստանը համատեղ բանկ են հիմնելու՝ երկու երկրների միջեւ առեւտրային եւ տնտեսական ծրագրերի ֆինանսավորման նպատակով: Այս մասին Press TV հեռուստաալիքին հայտարարել է Իրանա-ռուսական համատեղ առեւտրի պալատի ղեկավար Ասադոլլա Ասղարոլադին:
Նա նշել է, որ ներկայում ե՛ւ Թեհրանը, ե՛ւ Մոսկվան մշակում են երկու երկրների առեւտրային հարաբերություններում նոր էջ բացելու հնարավորությունները, որը կբացառի Ռուսաստանի եւ Իրանի միջեւ հաշվարկներում արեւմտյան արժույթի գերակայությունը:
«Քանի որ ռուսական բանկերն առայժմ վախենում են աշխատել Իրանի հետ՝ Արեւմուտքի սահմանած պատժամիջոցների պատճառով, մենք ցանկանում ենք Ռուս-իրանական համատեղ բանկ ստեղծել մեր կենտրոնական բանկերի եւ մասնավոր հատվածի աջակցությամբ: Այն կարող է մեր պետությունների արժույթների փոխադարձ փոխանակում կատարել՝ այդպիսով միջազգային հաշվարկներում ազատելով դոլարից, եվրոյից եւ ֆունտից»,- Ասադոլլա Ասղարոլադիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի եւ Արեւմտյան Եվրոպայի երկրների կողմից իրանական բանկային համակարգերի դեմ սահմանված անարդար պատժամիջոցները, ինչպես նաեւ Ռուսաստանի դեմ արգելքների եւ տնտեսական պատժամիջոցների վերջին շարքը լրացուցիչ խթան հանդիսացան ռուս-իրանական առեւտրատնտեսական կապերի զարգացման եւ ակտիվացման համար:





























