Հունիսի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Սուրբ պատարագի ավարտին կկատարվի հոգեհանգստյան արարողություն հունիսի լույս 19-ի գիշերը Մարտակերտի Չայլուի հատվածում արձանագրված միջադեպի արդյունքում զոհված չորս հայ զինվորների համար: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ի երեկոյան ԼՂՀ տարածք էր ներխուժել ադրբեջանական դիվերսիոն խումբ: Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքապահների եւ ադրբեջանական հետախուզական զինված խմբավորման միջեւ տեղի ունեցած դիմահար մերձամարտի հետեւանքով հայկական կողմից զոհվել էին 4 զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Մնացական Գասպարյանը, շարքայիններ Արայիկ Բարսեղյանը, Էդվարդ Մանուկյանը եւ Պարույր Մելքոնյանը: 4 զինվորներ էլ վիրավորվել էին: Ադրբեջանական կողմը նահանջել էր թողնելով մեկ դիակ եւ զինամթերք։




























