Երեւանի ծննդյան տոնի առթիվ այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Ալեքսանդր Թամանյանի արձանի հարեւանությամբ «Երեւանյան էսքիզներ» էքսպոյում ցուցադրվում է Երեւանի քաղաքաշինական պատմությունը:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը` երկրորդ տարին է, որ մայրաքաղաքի տոնին նման ցուցադրություն է կազմակերպվում. այս անգամ ամենահին անդրադարձը հենց Երեւանի հիմնադրմանն է վերաբերում.

«Ցուցադրությունն  ընդգրում է Էրեբունի թանգարանի նախագիծը, որն իր կատարման ժամկետով ընդառաջ է գնալու Էրեբունի-Երեւանի 2800 ամյակին։ Մենք կունենանք Էրեբունու թանգարանի ու նրա շրջակայքի, պարիսպների վերակառուցումն ավելի արդիական մատուցումներով, որի մանրակերտն ունենք այսօր այստեղ»,-ասաց Տիգրան Բարսեղյանը:

«Երեւանյան էսքիզներ» ցուցադրությունում ճարտարապետական տարբեր գրասենյակների, արվեստանոցների եւ փորձառու անհատ ճարտարապետների աշխատանքների կողքին ներկայացված են նաեւ Ճարտարապետաշինարարական համալսարանի ուսանողների լավագույն դիպլոմային աշխատանքները, ինչպես նաեւ ապագայի նախագծեր։