Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու աշխարհի 40 քաղաքներից ժամանած պատվիրակության անդամներն այսօր` հոկտեմբերի 12-ին, տոնական շքրեթով քաղաքապետարանից շարժվեցին Հանրապետության հրապարակ:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մինչեւ քայլերթը` Տարոն Մարգարյանը ողջունեց հյուրերին, շնորհավորեց երեւանցիներին` 2796-րդ ամյակի կապակցությամբ, որից հետո «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչումներ շնորհեց գրոսմայստեր Լեւոն Արոնյանին, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանին, Կոմիտասի անվան լարային քառյակի առաջին ջութակահար եւ գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Էդուարդ Թադեւոսյանին, բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանին:
Պարգեւատրումից հետո Տարոն Մարգարյանը, Լեւոն Արոնյանը, փոխքաղաքապետերն ու արտասահմանից ժամանած հյուրերը երեւանցիների ուղեկցությամբ Գրիգոր Լուսավորիչ փողոցից շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ: Ճանապարհին հյուրերին դիմավորում էին ավանդական երգերով ու պարերով, բեմական ելույթներով:
Հանրապետության հրապարակում արդեն Տարոն Մարգարյանը խաղաղության կոչ արեց, իսկ հավաքվածներն էլ աղավնիներ թռցրին:
















