Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այսօր՝ հոկտեմբերի 12-ին, մասնակցեց մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած այգու հանդիսավոր բացման արարողությանը: (ֆոտոռեպորտաժ)

Նախագահը քաղաքապետի հետ շրջեց այգու տարածքում, Երեւանի տոնի կապակցությամբ շնորհավորեց հավաքված քաղաքացիներին:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ շրջայցի ընթացքում նախագահին եւ քաղաքապետին մոտեցավ մի կին, որը ներկայացավ որպես 114 դպրոցի ուսուցչուհի:

«Կներեք իմ համարձակության համար, ես մանկավարժ եմ 114 դպրոցից, հիմա խնդրում եմ՝ ասեք՝ ինչպե՞ս հանդիպեմ ձեզ, չեմ կարողանում հանդիպեմ ձեզ»,-դիմեց մանկավարժը Տարոն Մարգարյանին:

Քաղաքապետը նրան խնդրեց, որ կինն իր հեռախոսահամարը փոխանցի, եւ ինքը կզանգահարի նրան, սակայն կինը համառեց նորից խնդրելով քաղաքապետի հեռախոսահամարը:

«Բայց ձեր զանգին է դժվար է պատասխանել, մենք ձեզ կզանգենք»,-խոսակցությանը միջամտեց նախագահը, սակայն տեսնելով, որ կինը համառում է, ասաց՝ «Հեռախոսի համարը ասեք՝ գրի»:

Սակայն քաղաքապետը իր հաեռախոսահամարը չասեց, այլ իր օգնականին հանձնարարեց վերցնել կնոջ համարը, որ հետո նրան զանգահարի:

Նախագահը այգում  նաեւ հանդիպեց իր մարտական ընկերոջը՝ ազատամարտիկ Գեւորգ Գեւորգյանին, մի քանի րոպե զրուցեց նրա հետ եւ հեռացավ:

Նշենք, որ 2014թ.-ին նախատեսված համալիր բարեկարգման ծրագրով այգու շուրջ 13200քմ ընդհանուր մակերեսով հանգստի գոտին ամբողջությամբ բարեկարգվել է: Վերակառուցման աշխատանքների շրջանակում այգու տարածքը երեսպատվել է բետոնե, բազալտե և տրավերտինե նոր սալիկներով: Զուգահեռաբար տեղադրվել են եզրաքարեր, կառուցվել աստիճաններ։ Հանգստի գոտու մուտքը տեղաշարժման խնդիրներ ունեցող բնակիչների համար հարմարացնելու նպատակով կառուցվել են թեքահարթակներ: Հանգստի գոտին ամբողջությամբ ապահովվել է արտաքին լուսավորության նոր համակարգով, շատրվանային երեք համալիրներով: Բնակիչների հանգիստը կազմակերպելու նպատակով տարածքը կահավորվել է նստարաններով, զրուցարան–տաղավարներով, խաղային ատրակցիոններով: Ստեղծվել են 4391քմ ընդհանուր մակերեսով նոր սիզամարգեր, այգու կանաչ տարածքների ոռոգումն ապահովելու նպատակով էլ անցկացվել է ոռոգման նոր ցանց: