Երեւանի 2796-րդ տարեդարձն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, մայրաքաղաքի կենտրոնի պուրակներում  ուղեկցվեց դասական, ջազ եւ հեղինակային երաժշտությամբ:

Դասական երաժշտության բեմի էր վերածվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային հարող պուրակը: Բեմում էին Հայաստանի պետական նվագախմբի լարային կազմը, այլ համույթներ:

Դասական երաժշտության բեմում ելույթ ունեցան ինչպես երգչախմբեր, այնպես էլ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տաղանդավոր պատանի երաժիշտները՝ աշխարհահռչակ դաշնակահար Արմեն Բաբախանյանի նվագակցությամբ։

«Կասկադ» համալիրի տարածքում ավանդույթի համաձայն ջազի բեմահարթակն էր: Համերգային ծրագրով ելույթ ունեցան հայկական ջազային խմբերն ու անհատ կատարողները՝ ներկայացնելով հայ և արտասահմանցի ջազմենների սիրված կատարումները:

Մոսկովյան պուրակում ժամը 18։30-ից հեղինակային երգի երեկո էր, որի ընթացքում ելույթ ունեցան Քրիստ Մանարյանը, Դավիթ Ամալյանը, Արմեն Ադամյանը, Լիլիթ Ասատրյանը եւ այլք: