«Պետերբուրգյան առաջարկությունների» մասին տեղեկությունը, որոնք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ հանդիպման ժամանակ իբրեւ թե առաջ է քաշել Դմիտրի Մեդվեդեւը, շատ հետաքրքրական է։ Այն, ինչ կատարվեց ավելի ուշ, իսկ ավելի կոնկրետ՝ Ադրբեջանի նախագահի անսպասելի վերադարձը եւ ղարաբաղյան միջադեպը, հնարավոր է՝ կապված են ռուսական կողմի առաջարկությունների հետ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ռազմավարական մշակույթի հիմնադրամի տնօրեն Անդրեյ Արեշեւը։
Նրա խոսքով, նորություններին հետեւելով պարզ է դառնում, որ գերտերությունները ղարաբաղյան հակամարտության հարցում միակարծիք չեն։
Փորձագետը հիշեցրեց ամերիկյան հետախուզության նախկին ղեկավար Դենիս Բլերի՝ հնարավոր նոր պատերազմի կանխագուշակման մասին, ինչը մեկ անգամ եւս հաստատում է, որ ղարաբաղյան հակամարտությունը հեռու է լուծում ստանալուց։
Ղարաբաղում խաղաղապահ զորքերի հավանական տեղակայումը Արեշեւը տեսականորեն հնարավոր համարեց, սակայն որոշ պայմաններ հաշվի առնելով։
«Խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը պետք է համաձայնեցվի ինչպես հակամարտող բոլոր կողմերի, այնպես էլ հարեւան երկրների հետ»,- վստահություն հայտնեց փորձագետը։


























