Վարչապետի վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ դժգոհություն հայտնեց պետական գերատեսչությունների ներքին աուդիտի որակից: «Միայն 5 գերատեսչություն կա, որտեղ ներքին աուդիտն աշխատում է, մնացածում ձեւական բնույթ է կրում»,- ասաց Գրիգորյանը: Դա այն հիմնական պատճառներից է, ըստ Գրիգորյանի, որի հետեւանքով առաջացող խախտումները ձյան պես աճում են: Որպես դրական օրինակ, մասնավորապես, նշվեց պետեկամուտների կոմիտեի աուդիտը:
Որպես բացասական օրինակ է ծառայում գյուղնախարարության գործունեությունը, որտեղ այս տարի երկրորդ անգամ պետական միջոցների վատնում է հայտնաբերվել հակադաբաղային նյութերի ձեռքբերման գործարքներում: Չնայած այն հանգամանքին, որ 2009 թ. Վերահսկիչ պալատը մատնանշել էր նախարարության կողմից այդ պատվաստուկների ձեռքբերման անթույլատրելի բարձր գինը եւ դրա հետ կապված կոռուպցիոն ռիսկերը, այս տարի եւս նույնը փորձ է արվել կատարել: Ըստ Գրիգորյանի` իր գլխավորած ծառայության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գյուղնախարարության համապատասխան հանձնաժողովը հաշվի չի առել Վերահսկիչ պալատի ստուգման արդյունքները, եւ այս տարի նույնիսկ ավելի բարձր ձեռքբերման գին է կիրառել: Պետական միջոցները փոշիացնելու փորձ անելու հիմնավորմամբ աշխատանքից ազատվել են գյուղնախարարության 2 պատասխանատու աշխատողներ, որոնցից մեկը` ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետն է (Հովհաննես Հովհաննիսյան), մյուսը` գնումները կազմակերպելու պատասխանատու Գեւորգ Թովմասյանը:




























