ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը  քիչ առաջ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում իր անվստահությունն է հայտնել հունիսի 24-ին Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցող նշանակված, ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ղեկավար Գորան Լինդբլադին։

«Ես ընդամենը վերջերս նամակ ուղարկեցի ԵԽԽՎ բոլոր պատգամավորներին, այդ թվում եւ ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուին՝ կոչ անելով ԵԽ հիմնարար արժեքները չվերածել աշխարհաքաղաքական գործիքի։ Ցավոք սրտի, պետք է արձանագրենք, որ այս հարցում ԵԽԽՎ-ն ակնհայտորեն դրսեւորեց երկակի ստանդարտ։ Այսինքն, Մոնիտորինգի հանձնաժողովում Լինդբլադի «ընտրությունը» իմ գնահատմամբ  ոչ օբյեկտիվ որոշում էր, հաշվի առնելով այն, թե ո՞վ է Գորան Լինդբլադը։ Նա ԵԽԽՎ-ում  պաշտպանում է ոչ թե իր երկրի շահերը, այլ կատարում է ադրբեջանական լոբբիստի սուրբ պարտականությունը, որի համար, ես վստահաբար հայտարարում են, որ վճարվում է թուրք-ադրբեջանական լոբբիի կողմից»,-ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը։  

ԲՀԿ-ական պատգամավորը նշեց նաեւ, որ Լինդբլադի ընտրության հարցում իր դերակատարությունն է ունեցել ԵԽԽՎ ազգությամբ թուրք նախագահ Մեվլութ Չավուշօղլուն։ «ԵԽԽՎ նախագահն այսպիսով  փորձել է Լինդբլադին սարքել մահակ՝ Հայաստանի գլխին։ Ես կարծում եմ, որ մեր արձագանքը այս ընտրությանը պետք է համարժեք լինի»,-շեշտեց պատգամավորը։  Զոհրաբյանն, այնուհետեւ, անդրադարձավ  նոր համազեկուցողի՝ հայկական մամուլում արած այն հայտարարությանը, որ թեեւ ինքը գիտի, թե Հայաստանի իշխանության համար դուրեկան չէ իր զեկուցող դառնալը, բայց  անելու է հնարավորը՝ «Հայաստանի ժողովրդավարական իրավիճակի բարելավմանը նպաստելու համար»։ «Ես խորհուրդ կտայի, որ ինքը ամեն ինչ անի, որպեսի արժանի դառնա կոչվել ԵԽԽՎ պատգամավոր, այլ ոչ թե ծառայի Ադրբեջանի շահերին»,-արձագանքեց ԲՀԿ-ական պատգամավորը։  

NEWS.am-ը Նաիրա Զոհրաբյանին է փոխանցել ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի տեսակետը, ըստ որի Լինդբլադի նշանակման հարցում մեղավոր է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը, որը պետք է աշխատանք տաներ, որպեսզի նրա փոխարեն մեկ այլ պատվիրակ նշանակվեր համազեկուցող։

«Ես չեմ ընդունում այդ մեղադրանքը։  Միշտ էլ այդպիսի նշանակումներից հետո հեշտ է դեբատներ սկսելը, թե ով է մեղավորը։  Կարծում եմ՝ մեր պատվիրակությունը աշխատել է ու աշխատում է բավական պատշաճ, ու մենք պետք է այսօր արձանագրենք, որ Չավուշօղլուի ԵԽԽՎ նախագահ ընտրվելուց հետո ԵԽ-ում ակտիվացել է թուրք-ադրբեջանական լոբբին։ Մենք սա պետք է ընդունենք որպես փաստ եւ այդ փաստի առկայության դեպքում պետք է կարողանանք վերակազմակերպել մեր աշխատանքները»,- ասաց  ԲՀԿ-ական պատգամավորը։  

Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ, անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի այն մեղադրանքին, թե ինքը ադրբեջանական լոբբիստ է, Լինդբլադը հայկական մամուլում հայտարարել էր. «Ասվածը իրականության հետ ոչ մի աղերս չունի։ Ես ոչ մի ընկեր չունեմ Ադրբեջանում: Տեղյակ եմ հայկական մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, թե իբր կաշառք եմ վերցնում ադրբեջանական պատվիրակներից: Բայց դա ճշմարտության հետ կապ չունի: Ես քննադատում եմ բոլորին, եւ իմ քննադատության թիրախ երկրների իշխանությունները փորձում են ինձ հակադարձել նման մեթոդներով»: