Առինջում հնչած կրակոցների հետեւանքով տուժած 51-ամյա Նունե Ավետիսյանի առողջական վիճակը նորմալ է, նա վնասվածք ուներ մեջքի շրջանում՝ ձախ հատվածում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Գագիկ Մանուկյանը:
Նա նշեց, որ կինն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:
Զրուցեցինք նաեւ Առինջի գյուղապետ Գագիկ Սարգսյանի հետ: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ամուսինները 2-3 տարի է՝ ապրում են այդ նոր թաղամասում, միայն իրենք են այնտեղ ապրում: «Ոչ հարեւան կա, որ շփվեն, իմանանք ով է, ոչ էլ ծանոթ, միայն որդուն տեսանք այնտեղ, ուրիշ երեխաների մասին տեղեկություն չունենք: Ճշտեցինք, որ ամուսինը աշխատում էր «Ինեկոբանկում»՝ որպես հաշվապահ»,-ասաց գյուղապետը:
Իսկ թե ինչպես է եղել դեպքը, Գագիկ Սարգսյանն ասաց, որ դեպքը եղել է ճանապարհին՝ մինչեւ տուն հասնելը: Կինը, մտածելով, որ փողի համար են հարձակվում, պայուսակը շպրտել է՝ ասելով, թե «փող եք ուզում, վերցրեք, գնացեք»: Գյուղապետն ասաց, որ կինը ոչինչ չի հիշում, ընդամենն ասել է, թե մեկը դիմակով է եղել, մեկը՝ առանց դիմակ: Ավետիսյան ամուսինները մեքենայով տուն գալուց են եղել, իսկ նրանց վրա հարձակվողները ոտքով քայլելիս:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին, ժամը 20.05-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Առինջ գյուղում կրակոցներ են հնչել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, անհայտ անձինք Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան թաղամասի 2-րդ փողոցի սկզբնամասում հրազենից կրակոցներ են արձակել 1959 թ. ծնված Լեւոն Ավետիսյանի վարած «ԲՄՎ 530» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետեւանքով Ավետիսյանը գլխի մասում ստացած հրազենային վնասվածքից հիվանդանոցում մահացել է, իսկ նրա կինը` 1963 թ. ծնված Նունե Ա.-ն, «կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի վայրում հայտնաբերվել է 5,45 մմ տրամաչափի 1 գնդակ եւ 5,45 մմ տրամաչափի 11 պարկուճ:
Հայտնաբերված գնդակը եւ պարկուճներն ուղարկվել են ոստիկանություն՝ փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:





























