Շիրակի մարզի Ախուրյանի շաքարի գործարանը սկսել է աշխատել երեկվանից, սակայն դրա պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 29-ին։ Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց գործարանի գործադիր տնօրեն Էդիկ Սարգսյանը։

Նրա խոսքով, թեեւ մեկ օր է, ինչ գործարանն աշխատում է, սակայն արդեն իսկ որոշակի դժվարություններ են ի հայտ եկել։ «Մասնավորապես՝ դժվարանում ենք նորագույն տեխնոլոգիաների կիրառման հարցում։ Գործարանի աշխատակիցները փորձի պակաս ունեն։ Դժվարանում են նույնիսկ նախապես համապատասխան պատրաստվածություն անցած մասնագետները»,-տեղեկացրեց Էդիկ Սարգսյանը՝ հավելելով, որ շաքարի գործարանում ներկայումս աշխատում է շուրջ 880 հոգի։ Հարցին,  թե որքա՞ն է կազմում աշխատակիցների միջին աշխատավարձը, գործարանի տնօրենն ասաց, որ դա կոմերցիոն գաղտնիք է, եւ ինքը չի կարող կոնկրետ թիվ նշել։ «Սակայն միանշանակ է, որ Ախուրյանի շաքարի գործարանի աշխատակիցների միջին աշխատավարձն անհամեմատ բարձր է Շիրակի մարզի այլ ձեռնարկություններում աշխատողների միջին աշխատավարձերից»,- հավաստիացրեց գործարանի տնօրենը։

Ի պատասխան այն հարցին, թե գործարանի արտադրանքն ուղղված է լինելու առավելապես ներքի՞ն, թե արտաքին սպառմանը, Սարգսյանը տեղեկացրեց, որ նման դիտարկումներ իրենք դեռեւս չեն արել, եւ որ ամեն ինչ ավելի պարզ կդառնա սպառման ծավալներից։ «Սկզբնական շրջանում շաքարը վաճաքի կհանենք ե՛ւ մեզ մոտ, ե՛ւ արտերկրում։ Դրանից հետո կերեւա։ Բայց մեր հիմնական նպատակը ներքին շուկայի պահանջարկն ապահովելն է»,- նշեց Էդիկ Սարգսյանը։

Նա նաեւ նշեց, որ Ախուրյանի շաքարի գործարանի՝ գործունեությունն սկսելու առաջին տարում գյուղացիները չեն ցանկացել համագործակցել իրենց հետ։ «Այդ է պատճառը, որ գործարանն այս տարի 100 հա ցանքատարածություններ է վարձակալել եւ սկսել է շաքարի ճակնդեղի մշակությամբ ինքնուրույն զբաղվել»,- տեղեկացրեց գործադիր տնօրենը։ Դիտարկմանը, թե գյուղացիները, հակառակը, պետք է որ ոգեւորված լինեին նոր աշխատատեղերի բացման հանգամանքով եւ ձգտեին համագործակցել գործարանի հետ, Էդիկ Սարգսյանը նշեց, որ գյուղացիների ոգեւորության պակասը բացատրվում է նրանց սխալ հաշվարկներով։ «Մարդիկ խորհրդային տարիներին զբաղվել են շաքարի ճակնդեղի մշակմամբ եւ մեկ հա ցանքատարածքից հավաքել են ընդամենը 35 տոննա, սակայն այժմ նախատեսվում է, որ բերքատվությունը 50 տոննայից ավել կլինի։ Գյուղացին թվաբանությունն անում է՝ ելնելով 35 տոննայի ցուցանիշներից։ Երբ որ մարդիկ տեսնեն, որ մենք ավելի շատ բերք ենք ստանում, այդ ժամանակ էլ գուցե փոխեն իրենց մտադրությունը»,- հույս հայտնեց Էդիկ Սարգսյանը՝ նշելով, որ 1 կգ շաքարի ճակնդեղի դիմաց իրենք գյուղացուն առաջարկում են 25 դրամ։ Դիտարկմանը, թե գյուղացիները, հնարավոր է, համագործակցությունից խուսափում են հենց բերքի դեմ առաջարկվող ցածր գնի պատճառով, գործարանի տնօրենն ընդգծեց։ «Մեր առաջարկած գինն ամենաբարձրն է ամբողջ ԱՊՀ տարածքում, այնպես որ դա դժգոհության պատճառ չի կարող լինել»։

Նշենք, որ Շիրակի մարզի Ախուրյանի շաքարի գործարանը պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին։ Գործարանի տարեկան հզորությունը կազմում է 220 հազ. տոննա շաքար, այնինչ հայկական շուկայի ներքին պահանջարկը 90 հազ. տոննա է: