Intel կոռպորացիայի նախկին գլխավոր տնօրեն Քրեյգ Բարրեթը հունիսի 27-ին կժամանի Հայաստան։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակաբաշխության կոմիտեից, Բարեթը Հայաստան է ժամանում մրցանակաբաշխությանը մասնակցելու, որի շրջանակում պատվավոր հյուրին ՏՏ ոլորտում ներդրած ավանդի համար մեդալ կշնորհվի։ Բարեթը հանդիպելու է նաեւ ուսանողների հետ։

Նշենք, որ Քրեյգ Բարեթը ԱՄՆ-ում եւ ողջ աշխարհում հայտնի է, որպես ուսման բարելավման առաջատար պաշտպան, ինչպես նաեւ սոցիալական եւ տնտեսական համաշխարհային ստանդարտների բարձրացման գործում տեխնոլոգիաների դերի կարեւորության ճանաչման ջատագով:

Քրեյգ Բարրետն ընդունվել է Ինտել կորպորացիա 1974թ.-ին եւ 1984-1990 թթ. ստանձնել է փոխնախագահի, ավագ փոխնախագահի եւ գործադիր փոխնախագահի պաշտոնները: 1992թ.-ին դոկտոր Բարեթն ընտրվել է Ինտել կորպորացիայի տնօրենների խորհրդի անդամ եւ 1993թ.-ին նշանակվել է ընկերության գլխավոր օպերացիոն տնօրեն: 1997թ.-ին նա դարձել է Ինտելի չորրորդ նախագահը, 1998թ.‑ին` գլխավոր գործադիր տնօրենը, իսկ 2005թ.-ին` տնօրենների խորհրդի նախագահ: