Բոլոր կողմերը համաձայնել են, որ միջուկային խնդիրը կարող է կարգավորվել, հայտնում է ԻՐՆԱ-ն՝ մեջբերելով Իրանի ԱԳ նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆի խոսքերը, որն այդ մասին հայտարարել է հոկտեմբերի 15-ին Ավստրիայում՝ ԵՄ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ հանդիպումից հետո:
Նախարարն ընդգծել է, որ Իրանի միջուկային տեխնոլոգիաները իրանցի գիտնականների «տեղական եւ խաղաղ» ձեռքբերումն են:
Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Էշթոնի հետ բանակցություններում կողմերը քննարկել են մնացած հարցերը եւ վիճելի հարցերի լուծման ճանապարհները: Նա նշել է, որ քննարկումները շատ ժամանակ են խլում, եւ հնարավոր է, որ հետագա բանակցությունների համար ավելի շատ ժամանակ կպահանջվի:
Զարիֆը հավելել է, որ միջուկային հանդիպումները կշարունակվեն եռակողմ բանակցությունների ձեւաչափով՝ Էշթոնի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի մասնակցությամբ: Եվս մեկ հանդիպում տեղի կունենա հոկտեմբերի 16-ին:
Հիշեցնենք, որ Վիեննայում հոկտեմբերի 14-ին սկսվել են Իրանի, ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի խորհրդակցությունները միջուկային ծրագրի վերաբերյալ:




























