Լեռնային Ղարաբաղում բարձր են գնահատում Հայաստանի եւ օտարերկրյա գործընկերների հետ երկկողմ կապերի ու շփումների զարգացման, փոխշահավետ համագործակցության հաստատման յուրաքանչյուր փորձ: Այդ մասին հունիսի 26-ին հայտարարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը «Bridge Artsakh 2010» 2-րդ տնտեսական համաժողովին ունեցած ելույթում:
Դիմելով կարեւոր այս միջոցառման մասնակիցներին՝ Արցախի նախագահը նշել է, թե «ուրախալի է, որ այս կարեւոր միջոցառման անցկացումն Արցախում արդեն իսկ դարձել է բարի ավանդույթ»:
«Դա լավ առիթ է մեր հանրապետության տնտեսական զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին տեղում ծանոթանալու, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրները ջերմ ու անմիջական մթնոլորտում քննարկելու, Արցախը արտաքին աշխարհին ներկայացնելու համար:
Լեռնային Ղարաբաղում բարձր ենք գնահատում Հայաստանի եւ օտարերկրյա գործընկերների հետ երկկողմ կապերի ու շփումների զարգացման, փոխշահավետ համագործակցության հաստատման յուրաքանչյուր փորձ»,- նշել է Սահակյանը եւ հավելել. «Մենք բաց ենք նման համագործակցության համար եւ պատրաստ ենք քննարկել ցանկացած կառուցողական առաջարկ: Մեզ մոտ ստեղծված են բարենպաստ պայմաններ ներդրումային ծրագրերի հաջող իրականացման եւ գործարարության հետագա զարգացման ուղղությամբ: Դրանում համոզվելու հնարավորություն են ընձեռում նաեւ նման նախաձեռնությունները»:
Արցախի նախագահը հույս է հայտնել, որ «համաժողովի շրջանակներում կլինեն գործնական քննարկումներ, կծավալվի արդյունավետ երկխոսություն, ինչը օգտակար կլինի ինչպես Արցախի, այնպես էլ տարբեր երկրների գործարարների համար»:




























