Ադրբեջանական կողմի՝ ԼՂՀ շփման գծում թույլ տված սադրանքները կշարունակվեն, սակայն դա վաղ թե ուշ կարժանանան միջազգային հանրության գնահատականին։ Նման հայտարարությամբ մամուլի ասուլիսի ժամանակ հանդես եկավ Հանրապետական կուսակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանի դիվերսիան Մոսկվայի եւ Վաշինգտոնի բացասական գնահատականին է արժանացել։ Հետո ինքն իրեն հակասելով՝ Մելիքյանը նշեց, որ միջազգային հանրության արձագանքը ադրբեջանական դիվերսիայի նկատմամբ չպետք է այդքան զուսպ լիներ եւ պետք է կոնկրետ հասցեագրում ունենար։
Խոսելով սանկտպետերբուրգյան Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ եռակողմ հանդիպման մասին՝ պատգամավորը համոզմունք հայտնեց, որ հայկական կողմի համար այն դրական ելք է ունեցել։ Նա նաեւ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումը քիչ հավանական համարեց, քանզի Ադրբեջանը գիտակցում է, որ այդ դեպքում ֆիասկոյի կենթարկվի։


























