Թուրքիան իրենից վանում է ԱՄՆ-ի կողմնակիցներին եւ պետք է ցույց տա Արեւմուտքին իր հավատարմությունը եւ համագործակցելու պատրաստակամությունը: Նման կարծիք է հայտնել Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:

«Մենք կարծում ենք, որ Թուրքիան նախկինի պես հավատարիմ է ՆԱՏՕ-ին, Եվրոպային եւ Միացյալ Նահանգներին, սակայն անհրաժեշտ է որ դա ցույց տա: ԱՄՆ-ի համար բարդ է աջակցել որոշ բաների, որոնց համար աջակցություն է ակնկալում Թուրքիան»,- ըստ Rbc.ru-ի ասել է նա:

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը, մեկնաբանելով Գորդոնի հայտարարությունը, դրանք «ոչ օբյեկտիվ» է գնահատել: «Թուրքիան հավատարիմ է ՆԱՏՕ-ին եւ չպետք է կասկածի տակ հայտնվի»,- ասել է նա:

Նշենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկել էր Իրանի դեմ նոր պատժամիջոցների օգտին, իսկ Թուրքիան եւ Բրազիլիան դեմ էին արտահայտվել: