Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, նախօրեին մեղադրական դատավճիռ է կայացրել «Նոր Ձորաբերդ» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ՝ Սամվել Գրիգորյանի որդիների նկատմամբ՝ նրանց աննախադեպ մեղմ պատժի արժանացնելով:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Պարգեւ Գրիգորյանն իր «Լենդ Քրաուզեր» մեքենայով ապրիլի 3-ին հարվածել է «Օփել Վեկտրա» մակնիշի մի մեքենայի: Երիտասարդը հարվածել եւ հայհոյանքներ է հասցրել մեքենայի վարորդին, իսկ քիչ անց նրան է միացել նաեւ եղբայրը՝ Գոռ Գրիգորյանը: Եղբայրները նաեւ քաշքշել եւ հայհոյել են ոստիկանության 2 աշխատակիցների՝ Ա.Սարոյանին եւ Կ.Հակյանին՝ պոկելով նրանց ուսադիրները: Գրիգորյանները դրանով չեն բավարարվել եւ իսկական «դեբոշ» են սարքել նաեւ Կենտրոնի ոստիկանությունում՝ ալկոհոլի ազդեցության տակ աջուձախ հայհոյելով ու հարվածելով ոստիկանության աշխատակիցներին:
Հատկանշական է, որ մարտի 1-ի գործերով մեղադրող Կորյուն Փիլոյանը, ով հայտնի էր 316 հոդվածի 1-ին մասով (Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ) ընդդիմության ակտիվիստների համար առավելագույն պատիժ պահանջելու իր սովորությամբ, դատարանից խնդրել է Պարգեւ Գիգորյանին դատապարտել 2 տարվա ազատազրկման, իսկ Գոռ Գրիգորյանին ազատ արձակել դատարանի դահլիճից՝ նրա նկատմամբ փորձաշրջան կիրառելով:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանին, սակայն, մեղադրողի խնդրանքը չափազանց խիստ է թվացել, եւ նա Պարգեւ Գրիգորյանին դատապարտել է 1 տարվա ազատազրկման եւ 500 հազար դրամ տուգանքի, իսկ Գոռ Գրիգորյանին ազատ է արձակել ընդամենը մեկ տարվա փորձաշրջան կիրառելով: Քրեական օրենսգրքի այս հոդվածը, ի դեպ, նախատեսում է մինչեւ 5 տարվա ազատազրկում: Ի դեպ, այս մեղմ վերաբերմունքն արժանացել է նաեւ Գրիգորյանների գնահատանքին, եւ նրանց փաստաբանին շնորհակալություն են հայտնել մեղմ վերաբերմունքի համար:
Ի դեպ, նույն այս հոդվածով 2008թ. մարտի 1-ից հետո ընդդիմության ակտիվիստները նվազագույնը 2 տարի ազատազրկման էին դատապարտվել, զորօրինակ՝ Գագիկ Ջհանգիրյանը, Սմբատ Այվազյանը եւ այլք:




























