Միջազգային շուկայում Հայաստանի համար ձեւավորված է բացառիկ բարենպաստ գնային միջավայր։ Արտահանման նշանակություն ունեցող հումքային ապրանքների գները բարձր մակարդակի վրա են, իսկ հիմնական ներմուծվող ապրանքների առումով միջազգային շուկայում նկատվում է կամ գնի նվազում, կամ կայունացում։
Այսպես՝ պղնձի 1 տոննայի գինը կայուն բարձր է 6000 դոլարից, այն միայն մայիսի կեսերին իջավ 7000 դոլարից։ Մի քանի ամսում մոտ 10 անգամ թանկացել է մոլիբդենը՝ գերազանցելով նույնիսկ նախաճգնաժամային մակարդակը։ Գաղտնիք չէ, որ այս հումքատեսակները Հայաաստանի արտաքին առեւտրի հաշվեկշռում ունեն բացառիկ դերակատարում՝ ապահովելով մեր արտահանման մոտ 40 տոկոսը։
Փոխարենը միջազգային շուկայում նվազում են մի շարք կարեւորագույն պարենային ապրանքատեսակների գները։ Ցորենի գինը հասել է 2006 թ. հետո իր նվազագույն նիշին՝ տատանվելով 1 բուշելի համար 4-5 դոլարի սահմաններում։ Զգալի նվազել են եգիպտացորենի, բրնձի եւ սոյայի գները։ Շաքարավազի գինը նույնպես ռեկորդային ցածր մակարդակի վրա է՝ 2009 թ. դոկտեմբերի համեմատ, գրանցելով գնի մոտ 50 տոկոս անկում։ Այս գնանկումների շնորհիվ խոշոր ներմուծողները կկարողանան տնտեսել մոտ 100 մլն դոլար։ Սակայն սպառողներին դա չի վերաբերում՝ միջազգային շուկայում գնային այդ անկումները Հայաստանի ներքին գնային միջավայրի վրա համարյա չեն զգացվում։ Ալյուրի եւ հացի գնի նվազում համարյա չկա, իսկ շաքարավազի մոտ 8 տոկոս գնանկումը բնավ համարժեք չէ միջազգային շուկայի զարգացումներին։
Սակայն նույնիսկ այս բարենպաստ ֆոնի ներքո Հայաստանի արտաքին առեւտրի հաշվեկշիռը շարունակում է վատանալ։ 2010 թ. հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանումը ավելացել է 144 մլն դոլարով, իսկ ներմուծումը՝ 320 մլն դոլարով։ Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը գերազանցում է ՀՆԱ-ի 40 տոկոսը, որով մենք կարող ենք հավակնել տեղ զբաղեցնելու Գինեսի ռեկորդների գրքում։
Տեսականորեն, արտաքին առեւտրի հաշվեկշռի նման վատթարացման հետեւանքով հայկական դրամը պետք է արժեզրկվեր, որպեսզի ներքին շուկայի համար պաշտպանվածության ինչ-որ մեխանիզմներ առաջանային։ Բայց, ընդհակառակը, այն շարունակում է արժեւորվել, եւ եթե Կենտրոնական բանկի ջանքերը չլինեին, դոլարի փոխարժեքը հիմա կիջներ 350 դրամից ցածր։ Սակայն ԿԲ-ն սկսել է շուկայից հավաքել ավելորդ դոլարները՝ փոխարժեքը մի կերպ ֆիքսելով 369-ի վրա։
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ հայկական շուկայում զարգացումները չեն համապատասխանում տնտեսագիտության դասագրքային տրամաբանությանը։ Պատճառները բազմաթիվ են, պետք է հաշվի առնել նաեւ շուկայի կառավարելիության բարձր մակարդակը։ Այսօր բանկային համակարգը դոլարային հսկայական ավելցուկ ունի, որն առաջացել է անցյալ տարի՝ երբ փոխարժեքը ֆիքսված պահելու համար ԿԲ-ն մոտ 600 մլն դոլար նետեց շուկա։ Հիմա արտարժույթի այդ վիթխարի զանգվածը ճնշում է առաջացրել ֆինանսական շուկայի վրա, որն իր փոքր չափերի պատճառով ունակ չէ կարճաժամկետ կտրվածքով մարսել մեծ ծավալներ։ Այդ պատճառով էլ բանկերի ընթացիկ քաղաքականությունն այսօր ավելի մեծ ազդեցություն ունի փոխարժեքի վրա, քան վճարային հաշվեկշռի փոփոխությունը, այնինչ պետք է հակառակը լիներ։ Իսկ քանի դեռ նման անոմալիաները պահպանվում են, հազիվ թե կարելի է ակնկալել տնտեսական իրավիճակի որակական բարելավում։
Սամվել Ավագյան




























