«Գիշերը քնած էի, ոտքիս վրա ինչ-որ բան էր շարժվում, խփեցի եւ դմփոց լսեցի գորգի վրա: Հետո պատշգամբում լսեցի վազելու ձայն»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում իր գիշերային սարսափը պատմեց Հարավ-արևմտյան զանգվածի Բ-2 թաղամասի 44 ա շենքի 34-ամյա բնակչուհի Աննան, եւ ավելացրեց. «Տանը երեխա չունենք, կատու, շուն չկա, մտածեցի ի՞նչը պիտի վազի։ Լույսը վառեցի, որ դուրս գամ պատշգամբ, պատշգամբի պահարանի վրա, որտեղ դրված էին ծաղիկներ, տեսա առնետ՝ թմբլիկ, երկար պոչով: Հազիվ հասցրեցի բղավել եւ դուռը փակեցի»:
Առնետի հետ անմիջական հանդիպումը շատ էր ցնցել Աննային, նույնիսկ այնքան, որ բարձր ջերմության ազդեցության տակ մտածել էր, թե դա իրեն թվում է: Սակայն, երբ հասկացել էր, որ այդպես չէ, փորձել էր բռնել: «Առնետը մնաց պատշգամբում, ոչ մի կերպ չկարողացանք բռնել իրեն, ու ինքը բացարձակ չէր էլ վախենում: Զանգեցի «Ախտահանման կենտրոն»։ Ասացին, որ դնենք տապակած ու մանրացված հավ կամ ձուկ, քանի որ առնետները դրա հոտի վրա գալիս են: Երբ դրեցինք, այդ «արհեստավարժ» առնետը գալիս հանգիստ ուտում էր ու գնում: Նոր թակարդ էլ առանք, դա էլ չօգնեց: Երկու հատ թռչուն էր ընկել թակարդի մեջ, եւ դա մեր վրա ազդեց: Որոշեցինք թակարդը հանել»,- շարունակեց նա: Աննայի խոսքով, առնետի հախից հնարավոր եղավ գալ ուժեղ թույն դնելուց հետո միայն: «Թույնը ձկան մեջ տեղադրեցի եւ դրեցի պատշգամբում։ Հազիվ էր առնետը կերել «խորտիկը», սկսեց ուժեղ ցնցվել։ Ցնցվում էր, ջարդում պատշգամբի ծաղիկները եւ միանգամից ձայնը կտրվեց: Ներքեւի հարեւանը եկավ եւ ասաց, որ մեր առնետն իջել է իրենց տուն: 8-րդ հարկից պատշգամբով առնետը իջել էր 7-րդ հարկ ու այնտեղ էլ սատկել: Հարեւանները նրան տոպրակով վերցրել էին ու շպրտել: Հազիվ պրծանք այդ առնետից»,-շարունակեց մեր զրուցակիցը:
Աննան, սակայն, Հարավ-արեւմտյան զանգվածում բնակվող միակ մարդը չէ, ով ստիպված էր անցնել առնետների ոդիսականով: Բ-2 թաղամասի Րաֆֆու 93 հասցեի բնակիչ տիկին Գեղեցիկը եւս դժգոհում է շենքում եղած առնետներից:
«Նստած բուրդ էի ծեծում, դուռս մի քիչ կիսաբաց էր, վայ, ասացի, հիմա առնետները կգան, արագ-արագ դուռը փակեցի, մեկ էլ բացեցի նայեցի, մի մեծ առնետ եկավ, աստիճաններով իջավ գնաց, ու էնքա՜ն էլ հանգիստ: Ո՛չ վախենում են, ո՛չ էլ..., մի խոսքով՝ մարդկանց բանի տեղ չեն դնում»,- պատմեց տիկին Գեղեցիկը՝ ցույց տալով կոյուղու խողովակը եւ հավելելով, որ այդտեղ շատ առնետներն են լինում եւ դրա վրայով բարձրանում են վերեւ ու իջնում: Նրանք նույնիսկ կրծել էին խողովակի վրայի մեկուսիչ շերտը:
«Գիշերն իրենց համար հանգիստ ման են գալիս, էս տարածքն ամբողջությամբ իրենցն է, ու կատուները մի կողմ կանգնած նայում են: Նախկինում կատուներից վախենում էին, հիմա իսկի պետքներն էլ չի»,- շարունակում է բնակելի շենքի 2-րդ հարկի բնակչուհին: Զրույցին միացած տիկին Գեղեցիկի դուստրն էլ՝ Աստղիկը, դժգոհեց, որ շենքում չաղ եւ համառ առնետներ են շրջում: Իսկ հարեւանուհին՝ տիկին Խանումն էլ դժգոհեց, որ առնետների պատճառով չեն կարողանում տան դռները բաց թողնել՝ բնակարանը օդափոխելու համար:
Առնետների ներկայությունը բնակելի շենքերում բարդացնում է նաեւ Հարավ Արեւմտյան Ա-2 թաղամասի բնակիչների կյանքը: Անդրանիկի 10/ 2 շենքում ապրող Սաթինեն ասաց, որ երբեմն վերելակի մոտ հանդիպում է առնետների: Սակայն նաեւ նշեց, որ առնետները շենքում այդքան էլ շատ չեն, ինչպես մեկ տարի առաջ էր:
Հետաքրքրական է, որ բնակիչների մի մասը շենքում առնետների գոյությունը պայմանավորում է աղբի կուտակմամբ: Մյուս մասն էլ պնդում է, որ աղբը հաճախ են տեղափոխում, եւ դժվար թե դրանով պայմանավորված լինի:
Իսկ Առողջապահության նախարարության՝ առնետների ոչնչացմամբ զբաղվող «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ տնօրեն Մելս Պողոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում առնետների բազմաքանակությունը բնակելի շենքերում պայմանավորեց ոչ միայն աղբի կուտակմամբ: «Շքամուտքերը պետք է փակ լինեն, նկուղային հարկերի պատուհանները պետք է ցանկապատված լինեն: Սննդի մնացորդներ պետք է չլինեն, որովհետեւ դրանք առնետների համար սնունդ են»,- ասաց նա՝ հավելելով, որ առնետները բնության եւ կենդանական աշխարհի անբաժանելի մասնիկն են եւ ամենուրեք կան, իսկ դրանց շատ ու քիչ լինելը պայմանավորված է շենքի սանիտարական վիճակով: Առնետներին ամբողջությամբ վերացնել հնարավոր չէ, այլ նրանց քանակը կարելի է նվազեցնել:
Մելս Պողոսյանն ասաց, որ ընկերությունը շենքերում կրծողասպան միջոցառումներ իրականացնում է համատիրությունների հետ պայմանագիր կնքելու միջոցով: Հարավ-Արեւմտյան Բ-2 թաղամասի 40 շենքի եւ Ա-1 թաղամասի 4 շենքերի վիճակով զբաղվող «Լիլի» համատիրության նախագահ Մանուկ Մանուկյանը մեր հետ զրույցում ասաց, որ նրանք պայմանագիր ունեն «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ-ի հետ, եւ ամիսը 3 անգամ բոլոր շենքերում դեռատիզացիոն աշխատանքեր են իրականացվում:
«Ամեն անգամ փոխվում է դեղանյութի դոզան, որպեսզի առնետների իմունիտետը չսովորի դրան: Եթե դոզան անընդհատ չփոխվի, մի որոշ ժամանակ հետո սովորում են եւ իրենց համար դեղերը չաղանալու միջոց են դառնում»,-նշեց Մանուկ Մանուկյանը: Նրա խոսքով, թեեւ դեռատիզացիոն աշխատանքներ իրականացվում են ողջ տարվա ընթացքում, սակայն եթե բողոքներ լինում են, համատիրությունը ահազանգում է «Ախտահանման կենտրոն», եւ նորից լրացուցիչ աշխատանքեր են կատարվում:
Չնայած այդ ամենին, շենքերում առնետները շարունակում են վխտալ: Համատիրության նախագահի համոզմամբ, դա պայմանավորված է բնակիչների անտարբերությամբ:
«Չես կարողանում մարդկանց հասկացնել, որ աղբը պետք է գցել աղբախցիկ։ Իրենք բերում, դրսում են դնում կամ պատուհաններից են գցում: Դա պետք է վերացվի, քանի որ կրծողները որտեղ ինչ պատահի ուտում են».-ասաց Մանուկյանը:
Իսկ «Արփի» համատիրության նախագահը հետեւյալ կերպ բացատրեց առնետների «խրախճանքը» շենքերում. «Միգուցե առնետների ոչնչացման համար օգտագործվող դեղերը թո՞ւյլ են, կամ էլ ժամանա՞կ կա, որ առնետները բազմանում են, շատանում են եւ դա էլ նշանակություն ունի: Իսկ եթե դեղերը չդնենք էլ, առնետները մեզ կուտեն»,- ասաց Սպարտակ Կարապետյանը:
Նշենք, որ առնետները հատուկ,վտանգավոր վարակների տարածողներ են: Այս կրծողները փչացնում են սննդամթերքը, շենքի մալուխները եւ նույնիսկ կարող են քանդել շենքի հիմքերը:
Հ.Գ. Թեեւ մենք անդրադարձանք միայն Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հարավ Արեւմտյան թաղամասին, սակայն կարելի է ասել, որ առնետների խնդիրը առկա է բոլոր համայնքերում: Վերջերս մեր խմբագրությունը բողոքներ ստացավ նաեւ Կենտրոն համայնքի բնակիչներից:
Նվարդ Հովհաննիսյան




























