Քալիֆորնիական Գլենդել քաղաքի բժշկական կենտրոններից մեկի հեռացված աշխատակից եւ միեւնուն ժամանակ ծխախոտի դեմ պայքարող  ակտիվիստ Սթիվեն Հալեհոսը քաղաքային խորհրդի անդամ Արա Նաջարյանի դեմ դատական հայց է ներկայացրել:

«Glendale News-Press»-ի փոխանցմամբ՝ Հալեհոսը պնդում է, որ իրեն աշխատանքից ազատել են Նաջարյանի հրամանով, այն բանից հետո, երբ նա քննադատության է ենթարկել ռեստորաններում ծխելու կանոնները մեղմացնելու խորհրդի անդամի առաջարկությունը: 5 մլն դոլարի պահանջով հայցը կդիտարկվի հաջորդ տարվա գարնանը՝ դատական գործընթացը նշանակվել է 2015թ. մայիսի 12-ին:

Ռեստորաններում ծխողների համար տարածքների ընդլայնման մասին Նաջարյանի առաջարկությունն ընդունվել է 2012թ հոկտեմբերին: Հալեհոսը տվյալ որոշման շուրջ քննադատական նամակ է գրել, որը հրապարակվել է «Glendale News-Press» թերթում:

Դրանից անմիջապես հետո վերջինս ազատվել էր աշխատանքից: Դատական փաստաթղթերի համաձայն, Հալեհոսի պետը վերջինիս փոխանցել է, որ Արա Նաջարյանն է պնդել վերջինիս ազատման համար: