Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրի բակում ծանոթացավ «Արմպրոդէքսպո-2014»-ին մասնակցող՝ Հայաստանի մարզերը ներկայացնող տաղավարներին եւ գյուղատնտեսական ընկերությունների գործունեությանը։
«Արզնի» տոհմային տնտեսության ներկայացուցիչը մեծ հպարտությամբ վարչապետին ներկայացրեց տաղավար բերված շոտլանդական կովերի տեսակները՝ նշելով, որ արդեն 3000 գլուխ տոհմային կենդանի ունեն եւ շարունակելու են ավելացնել գլխաքանակը։
«Սա հալովեյ տեսակն է, շատ ցրտադիմացկուն է, 50 սմ հաստությամբ ձյան տակից խոտը հանում, ուտում է, պուճուր ժամանակ էլ ոնց որ շուն լինի։ Էն մեկն էլ շատ բարձրակիթ տեսակ է, ահագին արդեն ունենք, բազմացնում ենք, որ վաճառենք»,-ասաց տոհմային տնտեսության ներկայացուցիչը։
«Արզնի» տոհմային տնտեսության ներկայացուցիչը նշեց, որ շոտլանդական ցեղատեսակների կովերի բուծումը Հայաստանում հնարավոր է դարձել կառավարության «Տավարաբուծության զարգացման 2007-2015թթ.» ծրագրի միջոցով։
Մի քանի տաղավարներով շրջելիս վարչապետին ալկոհոլ առաջարկեցին, սակայն նա հրաժարվեց։ «Գործի ժամին ի՞նչ օղի»,- ասաց վարչապետը, եւ միայն լիմոնադ համտեսեց։
Վարչապետը հետաքրքրվեց, թե մարզերում գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ զբաղվողները ինչ խնդիրներ ունեն եւ հորդորեց դիմել Կառավարությանը խնդիրներ ունենալու դեպքում։
Վարչապետի համար յուրահատուկ ընդունելություն էին նախապատրաստել Արցախի տաղավարում։ Արցախցի տարեց կինը օրհնեց Հովիկ Աբրահամյանին եւ մաղթեց, որ նրա ձեռքը Արցախի գլխից անպակաս լինի, ապա երկանք աղալով արցախցի կանայք երգեցին վարչապետի համար։
Նշենք, որ «Արմպրոդէքսպո-2014»-ին մասնակցում էր 67 ընկերություն, որոնք ներկայացնում էին գյուղատնտեսական ապրանքների լայն տեսականի:











