ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հայտարարության մեջ առկա առաջարկները կարող են հանգեցնել պատերազմի: Այդ մասին ասված է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի կազմակերպության տարածած հայտարարության մեջ:
Մեկնաբանելով Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի՝ Կանադայում, «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում ընդունված հայտարարությունը՝ ՍԴՀԿ-ն փաստում է, որ
ա. Խաղաղությունն ու տարածաշրջանային կայունությունն անհրաժեշտ են ոչ միայն հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներին, այլ նաեւ ողջ տարածաշրջանին եւ խոշոր պետություններին: ՍԴՀԿ-ն, սակայն, համարում է, որ այս առաջարկները տանում են միայն եւ միայն դեպի պատերազմ:
բ. Համանախագահող երկրների ղեկավարների առաջարկը բովանդակությամբ ավելի հակահայ է, քան նույնիսկ տխրահռչակ Մադրիդյան սկզբունքները:
գ. Հերթական անգամ գերտերությունները առավել բարձր են փորձում գնահատել Բաքվի սեւ նավթը, քան արդարությունն ու միջազգային իրավունքի նորմերը:
դ. Համանախագահող երկրները միջազգային իրավունքի մեջ գործածում են երկակի ստանդարտներ: Վստահ ենք, որ նմանատիպ առաջարկներ Ռուսաստանը չէր էլ ցանկանա լսել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի, իսկ Միացյալ Նահանգները` Կոսովոյի դեպքերում:
ե. Հայաստանի իշխանությունները նմանատիպ իրավիճակում պարտավոր են անցկացնել հասարակական լայն քննարկումներ, իսկ որեւիցե փաստաթուղթ ստորագրելուց առաջ ունենալ հայ ժողովրդի կարծիքն արտահայտող հանրաքվե` թե՛ Հայաստանում, թե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եւ թե՛ Սփյուռքում:




























