Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել անազատության մեջ գտնվող լրագրողներին` անընդունելի համարելով լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները երկրում:
ԵԽԽՎ-ի՝ «Ադրբեջանի ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին» բանաձեւում Վեհաժողովը դատապարտել է լրագրողների ձերբակալությունների, ահաբեկման, ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքների դեպքերը:
ԵԽԽՎ-ն անդրադարձել է ահաբեկչության մեղադրանքով 8.5 տարվա ազատազրկման դատապարտված լրագրող Էյնուլա Ֆաթուլաեւի դեպքին: Ապրիլին Եվրադատարանը եզրակացրել է, որ Ֆաթուլաեւին դատապարտելու որոշումը ապօրինի է, եւ նա պետք է անհապաղ ազատ արձակվի, իսկ Ադրբեջանի կառավարությանը պարտավորեցրել է լրագրողին որպես փոխհատուցում վճարել 25 հազար եվրո: Ադրբեջանի իշխանությունները, սակայն, դեռ չեն կատարել Եվրադատարանի վճիռը:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, վեհաժողովը մտահոգություն է հայտնել երիտասարդ ակտիվիստներ, բլոգերներ Ադնան Հաջիզադեին եւ Էմին Միլլիին խուլիգանության մեղադրանքներով համապատասխանաբար 2.5 եւ 2 տարի ազատազրկման դատապարտելու առնչությամբ: Իրավապաշտպանները Հաջիզադեին եւ Միլլիին քաղբանտարկյալ են համարում:
ԵԽԽՎ-ի ընդունած բանաձեւում մտահոգություն է արտահայտված նաեւ «Թալիշների ձայն» թերթի գլխավոր խմբագիր Նովրուզալի Մամադովի մահվան առնչությամբ: Պետական դավաճանության մեղադրանքով 10 տարվա ազատազրկման դատապարտված 68-ամյա Մամադովը անցյալ տարվա օգոստոսին մահացել է բանտում:
Նշելով, որ լրատվամիջոցների ազատության հետ կապված իրավիճակը Ադրբեջանում վատացել է, Վեհաժողովը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ապաքրեականացնել զրպարտության համար պատասխանատվություն սահմանող հոդվածները, իսկ նոյեմբերին երկրում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` պայմաններ ստեղծել լրատվամիջոցներում բազմակարծության համար, հավաքների ազատության համար, բարեփոխել Ընտրական օրենսգիրքը:
«Առաջիկա խորհրդարանական ընտրությունները պետք է լիովին համապատասխանեն եվրոպական չափանիշներին»,- ասված է Ադրբեջանի վերաբերյալ ԵԽԽՎ-ի բանաձեւում:



























