Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված միջազգային երեք սկզբունքների հիման վրա՝ ինքնորոշման, պետության տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքների: Այդ մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չառլզ Լոնդսդեյլը:

«Որպեսզի լուծումը լինի երկարաժամկետ, հարկավոր է, որ այն բավարարի բոլոր կողմերին»,- նկատել է դեսպանը՝ հավելելով, որ Մեծ Բրիտանիան ղարաբաղյան խնդիրը լուծելու լիազորություններ չունի, եւ չի ցանկանում կողմերին պարտադրել իր կարծիքը: Նա ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: «Հունիսի 19-ին տեղի ունեցած միջադեպը եւս մեկ անգամ ապացուցում է այդ բանակցությունների կարեւորությունը»,- նշել է դեսպանը՝ հույս հայտնելով, որ նման միջադեպերը ղարաբաղյան հակամարտության գոտում դժվար թե կրկնվեն: Նա նաեւ ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել զերծ մնալ ուժի կիրառումից եւ ռազմատենչ հռետորաբանությունից: Դեսպանը հակամարտության կողմերին կոչ է արել ակտիվորեն մասնակցել բանակցություններին՝ ընդգծելով, որ Մեծ Բրիտանիան աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների հայտարարությանը՝ բանակցությունների շարունակման անհրաժեշտության վերաբերյալ:  

Խոսելով Հարավային Կովկասի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձեւի մասին, որում կոչ է արվում ռոտացիայի ենթարկել Ֆրանսիայի մանդատը ԵԱՀԿ Մինսկի խմբում, Լոնդսդեյլը շեշտել է, թե Մեծ Բրիտանիան դեմ է նման զարգացմանը, քանի որ համանախագահ երկրները հրաշալի գիտեն հակամարտության էությունը: Նա նշել է, թե բանաձեւը արտացոլում է ոչ թե Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների դիրքորոշումը, այլ միայն խորհրդարանականների: