Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կանադական Toronto Star newspaper պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ իսրայելա-թուրքական հարաբերություններում նախկին վստահության վերականգնման համար Իսրայելը պետք է չորս պայման կատարի։

Իսրայելը, Էրդողանի խոսքով, առաջին հերթին պետք է ներողություն խնդրի Գազա մեկնող «Ազատության նավատորմի» թուրքական նավի վրա հարձակվելու համար, փոխհատուցում վճարի Թուրքիայի ինը զոհված քաղաքացիների ընտանիքներին, համաձայնի միջազգային հետաքննությանը եւ Գազայի հատվածից հանի էմբարգոն։

Թուրքական կառավարության ղեկավարը գտնում է, որ Գազայի հատվածի ապաշրջափակման ուղղությամբ իսրայելական ջանքերը բավարար չեն։

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին իսրայելցի զինվորականները գրոհել էին Գազայի հատված շուրջ 10 հազար տոննա մարդասիրական օգնություն փոխադրող այսպես կոչված «Ազատության նավատորմի» վեց նավերի վրա, ինչի արդյունքում զոհվել էր ինը թուրք։