Այսօր Նախագահի նստավայրում Հայաստանի նախագահի՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակով պարգեւատրեցին Քրեյգ Բարրեթին։ Բարրեթը 1984 թ.-ից ամերիկյան «Ինտել» կորպորացիայում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել, իսկ 1997 թ. դարձել է «Ինտելի» չորրորդ նախագահը, այնուհետեւ՝ գլխավոր գործադիր տնօրեն ու տնօրենների խորհրդի նախագահը։ Իսկ դա այն ժամանակահատվածն էր, երբ «Ինտելը» համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում իսկական հեղափոխություն էր կատարում՝ նախագծելով եւ արտադրելով կատարելագործված ինտեգրալ սխեմաների վրա հիմնված պրոցեսորներ։ Երկար տարիներ նույնիսկ առաջատար համակարգչային ընկերությունները օգտվում էին բացառապես «Ինտելի» պրոցեսորներից։

Բարրեթը Հայաստանում է գտնվում կնոջ՝ Բարբարա Բարրեթի հետ, ով նույնպես հայտնի անձնավորություն է։ Նա երկար տարիներ զբաղվել է դիվանագիտական աշխատանքով, իսկ հիմա պատրաստվում է ռուսական անձնակազմի հետ թռչել տիեզերք՝ որպես զբոսաշրջիկ։ Ի դեպ՝ Քրեյգ Բարրեթը նույնպես Ռուսաստանի հետ սերտ կապեր ունի. վերջերս նշանակվել է Մերձմոսկովյան գոտում գտնվող Сколково կենտրոնի ղեկավար, որը պետք է դառնա Սիլիկոնյան հովտի ռուսական տարբերակը։

Բարրեթին ՀՀ նախագահի մրցանակի հանձնումը միայն նրա նախկին եւ ներկա ծառայությունների գնահատումը չէ։ Հայաստանը եւս հավակնոտ նպատակներ ունի ՏՏ ոլորտում, իսկ նման մրցանակաբաշխությունները երկրի ճանաչելիության բարձրացման համար անգնահատելի դեր ունեն։ Մրցանակի հիմնման գաղափարը պատկանում է «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Ռիչ Գոդմանին։ Մրցանակաբաշխության ժամանակ ունեցած ելույթում նա հետեւյալ ուշագրավ միտքն արտահայտեց. «Նորարարությունը զարգանում է միայն այն ժամանակ, երբ դրա համար նպաստավոր միջավայր կա»։ Գոլդմանի կարծիքով՝ նմանատիպ միջոցառումները թույլ կտան Հայաստանում ձեւավորել համապատասխան միջավայր։ Ամերիկյան մենթալիտետով անձնավորության  համար նման քնարական զեղումները թերեւս ներելի են։

Անշուշտ՝ ներկաներին ավելի շատ հետաքրքրում էր այն, թե իր ելույթում ինչ կասի ինքը՝ Բարրեթը։ Բարեբախտաբար՝ մրցանակակիրը հերթապահ ելույթ չունեցավ։ Ինչպես եւ վայել է տաղանդավոր մարդկանց՝ Բարրեթը նշեց, որ ներկայանում է ոչ թե որպես անհատ, այլ ներկայացնում հազարավոր այն անձանց, որոնց շնորհիվ զարգացել են տեղեկատվական տեխնոլոգիաները։ Նրա կարծիքով՝ նոր տեխնոլոգիաները առավել մեծ ազդեցություն ունեն չորս ուղղություններով՝ կրթություն, առողջապահություն, բարեկեցություն եւ կառավարման համակարգերի արդյունավետություն։ «Չկա անհատ, որ կարող է անտեսել տեղեկատվական տեխնոլոգիաները»,- նշեց Բարրեթը։ Այնուհետեւ նա ընդգծեց, թե ուր էլ որ գնացել է, ամենուրեք հանդիպել է նույն դատողություններին, այն է՝ ինչպես են անհատները եւ  կառավարությունները կարեւորում տեղեկատվական տեխնոլոգիաները։ Սա շատ տեղին կատարված հայտարարություն էր, քանի որ դրանից քիչ առաջ «Սինոփսիս Արմենիայի» գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանն արդեն ազդարարել էր այն մասին, որ 10 տարի առաջ Հայաստանի կառավարությունը ՏՏ-ն հռչակել է գերակա ուղղություն, ու խոսել այն հսկա ինտելեկտուալ պոտենցիալի մասին, որ ունի Հայաստանը։ Իսկ փաստն այն է, որ տեղեկատվական տեխնոլոգիաները այս վերջին 10 տարում Հայաստանում այդպես էլ տնտեսության առաջատար ճյուղ չդարձան, ու զարգացման տեմպերով էլ ետ ենք մնում համաշխարհային գործընթացներից։ Բայց, իհարկե, նախագահի մրցանակաբաշխությունն այն տեղը չէ, ուր արժե հիշատակել թերությունների մասին։

Իսկ Բարրեթն այդ ընթացքում խոսեց այն մասին, թե ինչպես նոր տեխնոլոգիաների շնորհիվ կարողացել են գիտելիքի նկատմամբ սեր եւ ապագայի նկատմամբ վստահություն առաջացնել Ամազոնիայի ջունգլիներում կամ Հնդկաստանի հեռավոր գյուղերում։ Նա մի օրինակ բերեց Հնդկաստանի հարավարեւելյան մասում գտնվող Բունեսա շրջանից, ուր գյուղերում դպրոցները հիշեցնում էին հյուղակներ, որոնցում անգամ դասագրքեր չկային, երեխաներն էլ  չորրորդ դասարանից թողնում էին ուսումը։ Բարրեթին խնդրել են օգնել, ու նա առաջարկել է դպրոցական ավտոբուսները վերաձեւավորել տեսասրահների, ուր համակարգիչները միացած են լայնաշերտ համացանցին։ Այդ ավտոբուսները շրջել են գյուղերով, տեղափոխել երեխաներին, որոնց մոտ նոր տեխնոլոգիաների նկատմամբ մեծ հետաքրքրություն է առաջացել։ «Երբ տասնամյա աղջնակին հարցրի, թե որն է նրա սիրած առարկան, նա պատասխանեց՝ երեքշաբթին։ Դա այն օրն էր, երբ ավտոբուսն իրենց գյուղ էր գալիս»,- պատմեց Բարրեթը՝ հավելելով, որ երեխաներն այլեւս չէին ցանկանում դպրոցը լքել, այլ մտածում էին գիտության եւ բիզնեսի բարձունքները նվաճելու մասին։

Նշենք, որ ՀՀ նախագահի մրցանակը դրամական պարգեւ չի ենթադրում, այն 300 գրամանոց ադամանդակուռ ոսկե մեդալ է։

Սամվել Ավագյան