ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով նոր համազեկուցող Գորան Լինդբլադին այլ պաշտոնյայով փոխարինելու ուղղությամբ ՀՀ իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն։ Այս մասին հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ հարցով նոր համազեկուցողի նշանակման փաստին։
«Եթե Հայաստանի իշխանությունները կարծում են, որ Հայաստանի հարցով նոր համազեկուցող Գորան Լինդբլադը սուբյեկտիվ մտածելակերպ ունեցող պաշտոնյա է, ապա թող ԱԳՆ-ն համապատասխան միջոցներ ձեռնարկի՝ հայտնելով, որ այդ պաշտոնյան չի կարող օբյեկտիվ մոնիտորինգ իրականացնել։ Եթե կարող են, թող դիմեն ԵԽԽՎ-ին։ Սակայն փաստը մնում է փաստ, որ եվրոպական կառույցներում հաշվի չեն նստում Հայաստանի կարծիքի հետ»,-նկատեց Սարգսյանը։
NEWS.am-ի այն դիտարկմանը, թե իշխանությունները մտահոգված են, որ ՀՀ հարցով նոր համազեկուցողը ԼՂ-ին վերաբերող մի շարք ոչ հայանպաստ փաստաթղթերի տակ է ստորագրել, մինչդեռ նա մոնիտորինգ է իրականացնելու ոչ թե ԼՂ, այլ հետմարտիմեկյան իրավիճակի ուղղությամբ, Արամ Սարգսյանն արձագանքեց. «Հարցը միայն այն չէ, թե նա ի՞նչ հարցով է համազեկուցող, հարցը նրանում է, թե նա ինչպե՞ս է վերաբերում այս կամ այն երկրին։ Ես կգերադասեի, որ նա լիներ չեզոք անձ, մարդ, ով չունի որեւէ խնդիր որեւէ երկրի հետ։ Այդ դեպքում նա ավելի օբյեկտիվ կլիներ թե՛ մարտի 1-ի իրադարձությունների, թե՛ ժողովրդավարության հետ կապված հարցերում։ Իսկ եթե դուք ուզում եք ասել, որ նա մի հարցով օբյեկտիվ է, մյուս հարցով՝ ոչ, այդպես չի լինում։ Կիսով չափ հղի չեն լինում, էլի...»,-արձագանքեց Դեմկուսի ղեկավարը։


























