ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների «Մեծ ութնյակի» շրջանակում կատարած հայտարարությունը մեկ նպատակ ունի, այն է՝ հակամարտության կողմերին հետ բերել մինչեւ Սոչիի եւ Սանկտ-Պետերբուրգի հանդիպումները եղած բանակցային վիճակին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ստեփան Սաֆարյանը:

Նրա խոսքով, Սոչիի հանդիպումից հետո ընդգծված նկատելի էր Ադրբեջանի ոգեւորվածությունը, սակայն  սանկտպետերբուրգյան հանդիպումներից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ի տարբերություն իր հայ գործընկերոջը, լուրջ նեղված էր, ինչին հաջորդեց ադրբեջանական դիվերսիան շփման գծում:

«Իմ կարծիքով, նախագահ Օբաման, Սարկոզին եւ Մեդվեդեւն իրենց հայտարարությամբ մեկ նպատակ էին հետապնդում՝ հետ վերադարձնել հակամարտության կողմերին բանակցությունների նախնական վիճակին, ազատել նրանց նախկին հիասթափություններից եւ հույսերից»,-հայտարարել է Սաֆարյանը: Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները իրենց հայտարարությունում պետք է ուշադրությունը հրավիրեին ոչ թե Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակին, այլ  արձանագրեին նրա ներկայիս կարգավիճակը:

«Եթե համանախագահները ազգերի ինքորոշման իրավունքը դարձնեն ապագայի հարց, ապա Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը եւս պետք է  վերանայվի պոստֆակտում»,-ասաց Սաֆարյանը:

Փորձագետի կարծիքով, ընդհանուր առմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների առաջարկը, այդ  թվում նաեւ  Մադրիդյան սկզբունքները, չեն կարող ներկայացվել որպես քննարկված փաստաթուղթ, քանի որ դրանք  չեն ներկայացվել Ստեփանակերտի քննարկմանը:

Նշենք, որ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահները հայտարարության մեջ իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերելու գործում։