Միջազգային հանրություն այսօր ավելի կարեւոր խնդիրներ ունի, քան Ղարաբաղն է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փորձագետ, Գերմանիայի արտաքին քաղաքականության խորհրդի Ռուսաստանի ու ԱՊՀ տարածքային ծրագրերի տնօրեն Ալեքսանդր Ռարը։ Նրա խոսքով, Եվրոպան շահագրգռված է, որպեսզի ղարաբաղյան հարցը երբեւէ լուծվի, սակայն ներկայումս այդ ուղությամբ ոչ մի լուրջ քայլ չի անում։
Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ միջազգային հանրությունը կոշտ քննադատությամբ հանդես չեկավ ադրբեջանական դիվերսիայի առնչությամբ, Ռարը նշեց, որ ոչ ոք այդ ուղղությամբ ավելորդ քայլ չի ուզում անել։ «Եվրոպային այդ ամենը շատ հեռու է թվում։ Լեռնային Ղարաբաղը ոչ ոքի չի հետաքրքրում։ Քիչ կարեւոր է, թե ով այնտեղ կշահի կամ կկորցնի, կարեւոր է միայն տարածաշրջանային կայունությունը»,- ասաց Ռարը՝ ավելացնելով, որ այժմ որոշվում է՝ «Նաբուկոյի» հարցը, եւ Եվրոպան ուզում է լավ հարաբերություններ ունենալ Ադրբեջանի հետ։
Խոսելով հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման հնարավորության մասին՝ փորձագետը կարծիք հայտնեց, որ նման ելքն ամբողջովին չի կարելի բացառել, բայցեւ այն քիչ հավանական է։ «Կարծում եմ, որ ռազմաշունչ հայտարարությունները միջազգային հանրության արձագանքն ստուգելու նպատակն ունեն։ Ադրբեջանում հասկանում են, որ այդ գործում իրենց ոչ ոք չի օգնի»,- ամփոփեց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ ադրբեջանական զինված խմբավորումը Ղարաբաղ էր ներխուժել հունիսի 19-ին։ Մարտի արդյունքում զոհվել էին չորս հայ զինծառայողներ, եւս չորսը վնասվածքներ էին ստացել։ Ադրբեջանական կողմը մարտի դաշտում էր թողել միայն մեկ սպանված։


























