ՀՅԴաշնակցություն կուսակցությունը չի կիսում  պաշտոնական Երեւանի ոգեւորությունը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահների հայտարարության կապակցությամբ՝ ընդունված «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Մենք չենք ընդունում այդ հայտարարությունը մի քանի պատճառներով: Առաջին հերթին, նրանում ոչ մի բառով չի հիշվում ադրբեջանական դիվերսիայի մասին, որ տեղի էր ունեցել այդ հայտարարությունից ընդամենը մեկ շաբաթ առաջ: Նման լռությունը Ադրբեջանին խթանում է նոր դիվերսիաների եւ Բաքվի կողմից դիտարկվում է որպես իր գործողությունների խրախուսում»,- նկատել է Մանոյանը: Բացի այդ, նա նշել է, թե փաստաթղթում օգտագործվում է «օկուպացված տարածքներ» արտահայտությունը, որը չի օգտագործվել նախագահների նախորդ հայտարարության մեջ: «Դա կարելի է դիտարկել որպես հայկական կողմի վրա ճնշում»,- հավաստիացրել է Մանոյանը:

Հայտարարությունն ընդունելի չէ ՀՅԴ-ի համար նաեւ այն պատճառով, որ հղում է արվում Մադրիդյան սկզբունքներին: «ՀՅԴ-ն չի ընդունում Մադրիդյան սկզբունքները»,- ասել է Մանոյանը՝ նշելով, որ այդ սկզբունքները նպատակ ունեն Ադրբեջանին վերադարձնել իր կորուստները՝ իր իսկ նախաձեռնած պատերազմում:

Նշենք, որ նախագահների համատեղ հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Մենք որպես նշանակալի քայլ ենք դիտարկում եւ ողջունում ենք երկու կողմերից էլ այն փաստի ընդունումը, որ ամուր կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան սկզբունքների եւ այն տարրերի վրա, որոնք մենք առաջարկել էինք 2009թ. հուլիսի 10-ին Աքվիլայի գագաթնաժողովում արած մեր հայտարարության մեջ, որոնք վերաբերվել են Լեռնային Ղարաբաղին հարակից զբաղեցված տարածքների վերադարձին, անվտանգություն եւ ինքնիշխանություն նախատեսող Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակին, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքին,  Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակին, որը հստակեցվելու է ապագայում իրավական ուժ ունեցող կամարտահայտությամբ, բոլոր տեղահանվածների եւ փախստականների վերադարձի իրավունքին, ինչպես նաեւ անվտանգության միջազգային երաշխիքներին, այդ թվում՝ խաղաղության պահպանման ուղղությամբ»: