«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի պատրաստվում փոխել Վայոց ձորի մարզպետի պաշտոնում առաջադրած իր թեկնածուին՝ Սերգեյ Բագրատյանին եւ նրա նշանակման ուշացումը  կապված է ընթացակարգային խնդիրների հետ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը՝ ատասխանելով հարցին, թե ի՞նչն է մարզպետի նշանակման ուշացման պատճառը եւ ճի՞շտ են տեղեկություններն այն մասին, թե պատճառն այն է, որ մարզպետի թեկնածությունը չի արժանացել վարչապետ Տիգրան Սարգսյանի հավանությանը։

«Ոչ մի նման բան չկա, նշանակման ուշացումը կապված է զուտ ընթացակարգային խնդիրների հետ եւ ես կարծում եմ, որ առաջիկա օրերին կլինի նշանակումը»,-նշեց Գալստյանը։ Նա նաեւ հերքեց մամուլի այն տեղեկությունները, ըստ որոնց  ԲՀԿ առաջնորդը մարզպետի պաշտոնը նախ առաջարկել է «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրեն ԲՀԿ-ական Սերգեյ Ադումյանին, եւ միայն նրա հրաժարվելուց հետո, որպես մարզպետի թեկնածու, ընտրել է Սերգեյ Բագրատյանին։ «Ոչ մի նման բան չի եղել»,-շեշտեց Գալստյանը։

Նշենք, որ Սերգեյ Բագրատյանը  2007 թվականին թիվ 39 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով մասնակցել է պատգամավորական ընտրություններին, սակայն պարտվել է ՀՀԿ թեկնածու Սամվել Սարգսյանին։ Վայոց ձորի մարզպետի թեկնածուն գործարար է եւ ղեկավարում է հեղուկ վառելիքի եւ սննդի առեւտրով զբաղվող «Սերգեյ Գրուպ» ընկերությունը։ Հիշեցնենք, որ նախորդ հիգշաբթի՝ հունիսի 24-ին, ԲՀԿ-ն կառավարությանն է ներկայացրել  Ս.Բագրատյանի թեկնածությունը, սակայն նրա նշանակման հարցը կառավարության վերջին նիստի ժամանակ չքննարկվեց։