Beeline-ը Մանկական զարգացման հիմնադրամի հետ համատեղ հայտարարում են Արարատի մարզի Այնթափ համայնքի մանկապարտեզում եւ Նոր Խարբերդի թիվ 2-րդ դպրոցում «Beeline երեխաների զարգացման անկյունների» բացման մասին:
Հանդիսավոր բացման արարողությանը մասնակցում էին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը եւ այլ հյուրեր։
«Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի նպատակն է խթանել ներառական կրթության զարգացումը Հայաստանի մարզերում եւ Երեւանում: Ծրագրի շրջանակում ներառական կրթությամբ զբաղվող մասնագետներն անցել են վերապատրաստման բարձրակարգ դասընթացներ եւ խորհրդատվություն: Բացված կենտրոնները զինվել են հատուկ զարգացնող խաղերով եւ գրականությամբ, երեխաներին տրամադրվել են Մանկական զարգացման հիմնադրամի կողմից արտադրված զարգացնող խաղեր։
«Beeline–ը ողջունում եւ կարեւորում է այն ծրագրերի իրականացումը, որոնք օգնում են երեխաներին եւ երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Հատուկ կարիքներով երեխաների համար համապատասխան ուսումնական պայմանների ապահովումը եւ ներառական կրթության որակի բարձրացումը կխթանեն երեխաների մտավոր, խոսքային եւ ֆիզիկական ընդունակությունների եւ կարողությունների զարգացմանը։ Հատկանշական է հատկապես այն, որ Beeline-ի աջակցությամբ սա հանրապետությունում առաջին մանկապարտեզն է, որտեղ բացվում է զարգացման նման անկյուն», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինն իր ողջույնի խոսքում։
«Մանկական զարգացման հիմնադրամը կարեւորում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառումը: Ներառական կրթության ներդրման այս փուլում անելիքները բազմազան են եւ դրանց իրականացումը մեծ ջանքեր է պահանջում: Հատկանշական է, որ մեր գործընկեր Beeline–ը կարեւորում է նման ծրագրերի նախաձեռնումը եւ խթանում մարզերում հատուկ կարիք ուենցող երեխաների ներառման գործընթացին հասարակություն: Մինչ պետական ռազմավարական ուղղությունները, համակարգերը հստակեցվեն եւ առաջընթաց ունենան, կարիքներ ունեցող բազմաթիվ երեխաները չեն կարող սպասել, հատկապես մարզերում, որտեղ ռեսուրսները եւ ծրագրերը բացակայում են կամ շատ քիչ են: Նման ծրագրերը մասնավորապես մարզերում աջակցում են հատուկ կարիք ունեցող երեխաներին, նրանց ընտանիքների, դպրոցին ու համայնքին», - ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։
Նշենք, որ «Beeline երեխաների զարգացման անկյունները» բացվել են «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում, որը մեկնարկել է 2014թ–ի սեպտեմբերի 10-ին։



























