Այսօր` հունիսի 29-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ, որտեղ մասնակցել է Արմավիրի հիմնանորոգված բժշկական կենտրոնի բացմանը: Կենտրոնի բացմանը մասնակցել է նաեւ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Կենտրոնի վերանորոգման աշխատանքները իրականացրվել են Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրի շրջանակներում: Այն կազմված է առանձին մասնաշենքերում տեղակայված հիվանդանոցից եւ պոլիկլինիկայից:

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Արմավիրի նոր բժշկական կենտրոնը համապատասխանում է բոլոր անհրաժեշտ չափանիշներին եւ հագեցած է հիմնական բժշկական սարքավորումներով եւ կահույքով: Նրա խոսքով, հիմնանորոգման արդյունքում ընդլայնվել է բուժծառայությունների ցանկը, բացվել է դիալիզի բաժին:

Ներկայումս բժշկական կենտրոնում աշխատում է 94 բժիշկ: Կենտրոնի բացումը իրականացվել է ՀՀ նախագահի կողմից` Մարզերի համաչափ զարգացման ծրագրի շրջանակներում: Կառավարության եւ ՀԲ-ի կողմից ընդհանուր ներդրումները Արմավիրի բժշկական կենտրոնում կազմել են 2, 44 միլիոն դոլար:

Նշենք, որ Արմավիրում  Սերժ Սարգսյանը կայցելի նաեւ քաղաքի վերանորգված մանկապատանեկան շախմատի դպրոց, կմասնակցի մարզի Մյասնիկյան համայնքի «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոնի բացման արարողությանը: