Մոսկվան Վաշինգթոնից բացատրություններ է սպասում՝ կապված ԱՄՆ-ում մի խումբ մարդկանց Ռուսաստանի օգտին լրտեսելու մեղադրանքով ձերբակալելու փաստի հետ: Այս մասին Երուսաղեմում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մեզ չեն բացատրել, թե ինչի մասին է խոսքը: Հույս ունեմ, որ կբացատրեն: Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ այն պահը, երբ դա արվել է, ընտրվել է հատուկ նրբանկատությամբ»,- աել է Լավրովը: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հիշեցնենք, որ օրերս ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այցելել է ԱՄՆ, որի ընթացքում բանակցություններ է վարել իր գործընկեր Բարաք Օբամայի հետ: Այդ այցից անմիջապես հետո ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ 11 կասկածյալների մեղադրանք է առաջադրվել երկու գործերով, որոնք առնչվում են ԱՄՆ տարածքում ռուսական կողմի օգտին լրտեսական հետախուզական գործունեությանը: