«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի եւ «Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն»-ի համատեղ ջանքերով Հայաստանում հունիսի 29-ին պաշտոնապես բացվեց Առեւտրի ֆինանսավորման ակադեմիան, որը նպատակ ունի օժանդակել ներմուծող-արտահանող ընկերություններին:

«Այս նոր ստեղծված ակադեմիան հայաստանյան ընկերություններին հնարավորություն կտա սովորել առեւտրային հնարավորություններից քաղել առավելագույնը»,- ակադեմիայի բացման արարողության ժամանակ ասաց «Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի» գործադիր տնօրեն Կարեն Գեւորգյանը` ավելացնելով, որ ակադեմիայի դասընթացների մասնակիցները հնարավորություն կունենան ավելի լավ ծանոթանալու առեւտրի ֆինանսավորման գործիքներին եւ հնարավորություններին, ըստ այդմ՝ ավելի հստակ կկարողանան գնահատել միջազգային առեւտրի ոլորտում առկա բոլոր ռիսկերը:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդի խոսքով` սեմինարները կանցկացնեն իրենց բանկի առևտրի ֆինանսավորման ծառայությունների մասնագետները։ Դասընթացները կլինեն անվճար, իսկ ցանկացողները կարող են դիմել «ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» կամ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»։

«Հուսով ենք, որ այս ակադեմիայի հիմնադրումը օգտակար գործիք կհանդիսանա հայաստանյան ընկերություննների համար՝ միջազգային առեւտրի ֆինանսավորման գործիքներից օգտվելու համար»,- ասաց Քլիֆորդը:

Տեղեկացնենք, որ HSBC բանկի նախաձեռնությամբ Առեւտրի ֆինանսավորման ակադեմիաներ ստեղծվել են նաեւ Անգլիայում, Ֆրանսիայում, Վրաստանում: