Իրանի արտգործնախարարությունը պաշտոնական նամակ է ուղարկել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 15 անդամներին։ Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքին։
Մոթաքիի խոսքով,այդ նամակում իրանական կողմն անհամաձայնություն է հայտնել անվտանգության խորհրդի կողմից հունիսի 9-ին ընդունված նոր բանաձեւի առնչությամբ։ Նա նաեւ ավելացրել է, որ ներկայումս Իրանը պատրաստում է Վիեննայի խմբի նամակի եւ հարցերի պատասխանները, հայտնում է Fars գործակալությունը։
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կողմ է քվեարկել Իրանի հանդեպ պատժամիջոցների ընդունմանը, որոնք պետք է կիրառվեն վերջինիս դեմ՝ ուրանի հարստացման աշխատանքներից չհրաժարվելու դեպքում։ Բանաձեւին հավանություն են տվել Անվտանգության խորհրդի 12 անդամներ, Թուրքիան եւ Բրազիլիան դեմ են քվերակել, Լիբանանը ձեռնպահ է մնացել։



























