Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը բաց նամակ է հղել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, որտեղ կասկածի տակ է դնում վերջինիս մասնագիտական ունակությունները: Նամակում ասվում է.

«Պարոն նախարար, ԱԳՆ նախկին նախարար Վ.Օսկանյանի հետ համագործակցել եմ մոտ տաս տարի: Երբեմն ունեցել ենք տարաձայնություններ ներքին կազմակերպչական հարցերի շուրջ, բայց երբեւիցե Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրների շուրջ գոնե մեկ անգամ անհամաձայնություններ չեն եղել: Պատճառը պարզ է, նախարար Օսկանյանն ուներ մեծ քաղաքական հեռատեսություն, զգացողություն ու հոտառություն: Մի բան, որը իսպառ բացակայում է Ձեզ մոտ: Դրանով է բացատրվում հայ-թուրքական արձանագրությունների ձեւակերպման այն խայտառակ մակարդակը, որն անմիջապես նկատեցին սփյուռքահայ իրավաբաններն ու քաղաքական գործիչները: Թե ինչ վիճակի բերեց մեզ այդ կիսատ-պռատ նախաձեռնությունը, այժմ հայտնի է ողջ հայությանը»:

Այնուհետեւ անդրադառնալով ԵՀՄՖ-ի կողմից տարածած հայտարարությանը, որտեղ նշվում է, որ Ֆիզուլիի եւ Քելբաջարի շրջաններ կարող են խաղաղապահներ մտնել, ինչը ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը համարել էր «հիմարություն»,- Ա. Գրիգորյանը գրում է.

«Պարոն նախարար, հայ ժողովրդի համար կենսական պահին Ձեզ մատուցվում է կարեւոր տեղեկույթ եւ Դուք այն լրջորեն ընկալելու ու վերլուծելու փոխարեն պահի ազդեցության տակ այն անվանում եք «հիմարություն»: Հավատացեք իրականում հիմարությունն այդպիսի տեղեկատվության արժեքը չհասկանալն է: Ես հավատացած եմ, որ եթե 2008թ-ի օգոստոսի 1-ին որեւէ մեկը Ձեզ հայտներ, որ վրացիները կարող է մեկ շաբաթ հետո հարձակվել ռուսների վրա, Դուք այն հիմարություն կանվանեիք: Ընդ որում հավատացեք ինձ, դիվանագիտական բառապաշարի մեջ օգտագործվող ճիշտ բառի ընտրությունն ամբողջովին բնորոշում է դիվանագետին եւ որոշում նրա մակարդակը: Եվ երբ փորձում եք պիտակել դիմացինին, փորձեք համեմատել Ձեր կատարած աշխատանքի արդյունքները ԵՀՄՖ-ի կատարած աշխատանքի արդյունքների հետ, որը կատարվում է անվարձահատույց` չարժանանալով նույնիսկ Ձեր կողմից տարրական գնահատականի, էլ չենք ասում այդքան անհրաժեշտ համագործակցությանը: Այդ համեմատությունը Ձեզ երեւի հետ կպահեր նախարարին ոչ վայել արտահայտություններ օգտագործելուց: Ճիշտ է Ձեր կարծիքը հայտնվել է Ձեր մամլո խոսնակի միջոցով, այնուամենայնիվ  հուսով ենք, որ Դուք չեք փորձի այդ «թյուրիմացությունը» գցել ուրիշի վրա»:

Հիշեցնենք, որ ԵՀՄՖ-ի վերը նշված հայտարարության մեջ Ա. Գրիգորյանը գրել էր, թե իրենց տեղեկություն են ստացել, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը համաձայնության են եկել կարճատեւ պատերազմ սկսել Ղարաբաղում, որի արդյունքում խաղաղապահներ կմտցվեն հակամարտության գոտի, եւ որ այդ պլանը համաձայնեցվել է նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի հետ: