Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ հունիսի 29-ին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արթուր Գրիգորյանին։ Անդրադառնալով կառավարությունում նոր նախարարի նշանակման հարցին` վարչապետը մասնավորապես նշել է. «Մեր կոալիցիոն գործընկերը որոշում է կայացրել կատարել կադրային փոփոխություն եւ հաշվի են առել պարոն Մնացականյանի դիմումը աշխատանքից ազատվելու վերաբերյալ։ Եվ ըստ մեր կոալիցիոն համաձայնագրի, մենք ընդունել ենք այդ առաջարկը»։
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել վարչապետին ցուցաբերած վստահության համար եւ խոստացել է անել առավելագույնը նախարարության ծրագրերով նախատեսված պարտավորություններն ու գործառույթները բարձր մակարդակով կատարելու։
Վարչապետ Սարգսյանը նախարարության աշխատակիցներին հայտնել է, որ Հայաստանի կառավարությունը կենսաթոշակային բարեփոխումների ուղղությամբ մի լուրջ գործընթաց է սկսել: «Նախարարության եւ նորանշանակ նախարարի առջեւ հիմա հստակ խնդիր է դրվում, որպեսզի աշխատանքներն այդ առումով բարելավվեն եւ մեր սոցիալական ծրագրերի արդյունավետությունը բարձրացվի։ Սա նաեւ հանրապետության նախագահի սկզբունքային դիրքորոշումն է, եւ մենք չենք կարող հանդուրժել, որ ֆինանսական միջոցները փոշիացվեն եւ չհասնեն իսկապես կարիքավոր ընտանիքներին», - ասել է գործադիրի ղեկավարը` համոզմունք հայտնելով, որ Արթուր Գրիգորյանի` Վերահսկիչ պալատում աշխատանքի փորձը կօգնի լուծել նաեւ այդ խնդիրները։
Նշենք, որ ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանը նախարարի պաշտոնում նշանակվել է նախօրեին Հայաստանի նախագահի հրամանագրով: Մինչ այդ աշխատանքի եւ սոցհարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Մխիթար Մնացականյանը:


























