Արտաքին ճնշումների ներքո Հայաստանին պարտադրված ցանկացած փաստաթուղթ, որը կկրի Հայաստանի շահերից չբխող դրույթներ, կարող է բերել Հայսատանում իրավիճակի ապակայունացման եւ քաղաքական ճգնաժամի է՛լ ավելի խորացման։  Այս մասին հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը՝ անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորման ներկա գործընթացներին։

Նա նաեւ հավելեց, որ ԼՂ խնդրի վերաբերյալ առաջիկայում որեւէ շրջանակային պայմանագրի ստորագրում չի կարող  ընդունելի լինել հայկական կողմի համար։ «Էլ չեմ խոսում, որ Ղարաբաղը եւս պետք է մասնակցի նման փաստաթղթի ստորագրմանն ու համաձայնություն տա, որպեսզի հետագայում այդ փաստաթղթերը հնարավոր լինի կյանքի կոչել»,-նկատեց Խուրշուդյանը։ «Ժառանգության» մամուլի խոսնակն, այնուհետ անդրադարձավ ՌԴ-ի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահների կողմից արված հայտարարությանը՝ նկատելով, թե դրանում առկա են ոչ հստակ ձեւակերպումներ, եւ իմաստային առումով այն կրկնում է նախորդ հայտարարությունները։ «Օրինակ՝ անգլերեն տարբերակում նշված է «օկուպացված տարածքներ» եզրը, սակայն հայերեն տարբերակում նման ձեւակերպում չկա։ Եւ բացի այդ, եթե չի լուծվում Ադրբեջանի, մասամբ նաեւ Թուրքիայի դենացիզացիայի խնդիրը, ապա փախստականների վերադարձը բերելու է լիվանիզացիայի, եւ մշտապես շատ ավելի լուրջ առիթներ են լինելու վերսկսել պատերազմը»,- նշեց Խուրշուդյանը։